Բողոքները՝ «Վեոլիա ջրից» և ջրամատակարարման հետ կապված, ահագնացող են, դրանք ունեն նաև սեզոնային բնույթ. լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։
«Այո, այդ պրոցեսի մեջ «Վեոլիա ջուր» ընկերությունը ունի մեղքի իր բավական լուրջ բաժինը, ինչի հետ կապված հանձնաժողովը ամենօրյա աշխատանքային ռեժիմով «Վեոլիա Ջուր» ընկերության ղեկավարության հետ աշխատում է և կատարում է համապատասխան գործողություններ՝ կանխարգելելու այդ ամեն ինչը, բայց օգտվելով առիթից, ուզում եմ հանրության լայն շրջանակներին հետևյալ ճշմարտությունը հասցնենք. «Վեոլիա ջուրը» ոռոգման և ջրամատակարարման համակարգի սեփականատերը չէ, դրա սեփականատերը պետությունն է: Պետությունը ժամանակին մայր պայմանագրով եղած ֆիզիկապես մաշված համակարգը հանձնել է «Վեոլիա ջուր» ընկերությանը։ Սկզբում, երբ այդ համակարգը տրվել էր «Վեոլիա ջրին», կորուստները այդ համակարգում 80 %-ից ավելի էին, հիմա կորուստները կազմում են 55 տոկոս։ Իհարկե դա ևս վատ ցուցանիշ է, որը լավացնելու համար պետությունը լրացուցիչ ֆինանսական միջոցներ պետք է սրսկի այդ համակարգ, որ կարողանան այդ կառուցվածքները վերակառուցել և կորուստների դեմն առնել»,- ասել է ՀԾԿՀ նախագահը։