Հասարակություն

Գործընթացը քաղաքական գործոն ունի. քաղաքագետներ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը համոզված է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակ չունի եկեղեցին բարեփոխումների ենթարկել, այլ փորձում է չեզոքացնել իր բոլոր քաղաքական հակառակորդներին, մարել դիմադրության բոլոր օջախները։

«Առաջին պատճառը արտաքին պատվերն է: Ընթանում են հայ-ադրբեջանական ակտիվ բանակցություններ, որոնց ընթացքում վարչապետը բավարարում է Բաքվի պահանջները և, ըստ էության, կատարում է Ալիևի այս թելադրանքը ևս։ Երկրորդ պատճառն այն է, որ Փաշինյանը մինչև 2026-ի խորհրդարանական ընտրությունները փորձում է քաղաքական դաշտն ավելի վերահսկելի դարձնել, իր համար ձեռնտու դասավորության բերել, իր վերընտրվելու համար բարենպաստ միջավայր ստեղծել»,- Radar Armenia-ի հետ զրույցում ասաց նա։

Սուրենյանցի կարծիքով, Նիկոլ Փաշինյանը, եթե ցանկանում է գնալ եկեղեցու բարեփոխման, պետք է հրաժարվի իր պաշտոնից և, որպես եկեղեցու հետևորդ, սկսի զբաղվել իր ռեֆորմներով՝ պահպանելով եկեղեցական նորմերը: «Իսկ այսպես՝ վարչապետ Փաշինյանն անմիջական հակասության մեջ է մտնում Սահմանադրության 17-րդ և 19-րդ հոդվածների հետ։ Հետևաբար, վարչապետի մասնակցությամբ ցանկացած գործողություն քրեորեն պատժելի արարք է, Սահմանադրության խախտում։ Այստեղ երկիմաստություն չկա, չի կարող լինել. այդ հավաքը հակաօրինական է, որովհետև այն ղեկավարելու իրավունք չունի վարչապետը կամ պետական մեկ այլ պաշտոնյա»,- ընդգծեց բանախոսը։

Նա համոզված է, որ Կաթողիկոսին հեռացնելու գործընթացը հեռանկար չունի. «Նիկոլ Փաշինյանը չի պատկերացնում, թե ինչպիսի կառույց է ՀԱԵ-ն։ Այն միայն հայաստանյան կառույց չէ, այլ մեծ ցանց է, ունի իր դարավոր ավանդույթները։ Նա հասնելու է նրան, որ իր միջոցառումներով վնասելու է թե՛ իրեն՝ օրենքից դուրս դնելով, թե՛ եկեղեցու հեղինակությանը, հետևապես՝ մեր ինքնության հենասյուներից մեկը խարխլելու է»։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանն էլ Radar Armenia-ի հետ զրույցում նախ անհամաձայնություն հայտնեց եկեղեցի-պետություն առճակատման ձևակերպմանը՝ ասելով. «Սա Հայ Առաքելական եկեղեցու որոշ բարձրաստիճան պաշտոնյաների և պետական իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների միջև առճակատում է: Նրանք երկուսն էլ պետության մաս են»։

Քաղաքագետը հիմնազուրկ է համարում պնդումը, թե այս քայլերով իշխանությունը փորձում է 2026-ի ընտրություններին ընդառաջ ստեղծել բարենպաստ քաղաքական դասավորություն։ «Այո, գործընթացը քաղաքական գործոն ունի, բայց դա այն պատճառով, որ իշխանությունը պատասխան հարված է տալիս իրեն քաղաքական հարված հասցրած դերակատարին։ Փորձում է հակազդել՝ իր դիրքերն ամրապնդելու համար: Եկեղեցին հայտնվել է մի գործընթացում, որն իր տրամաբանությամբ և էությամբ քաղաքական է: Նրա վերնախավն այնքան է առաջ գնացել, որ հատել է սահմանները և այլևս հետքայլ չի կարող անել»։

Քաղաքագետի համոզմամբ՝ ՀԱԵ վերնախավը կարող էր խուսափել այսպիսի զարգացումներից, եթե 2024-ին իր շարքերից հեռացներ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանին, երբ վերջինս վերջնականապես ընտրեց քաղաքական գործունեություն ծավալելը, կամ արգելակեր Միքայել Աջապահյանի քաղաքական հայտարարությունները: «Այդ պարագայում իշխանությունները մոռացության կտային եկեղեցու վերնախավի հետ ունեցած հակասությունները, և հոգևորականները հանգիստ կշարունակեին իրենց հոգևոր ծառայությունը, բայց նրանք գնացին բացարձակ այլ ճանապարհով։ Այս մասին ես հայտարարել եմ ամիսներ առաջ»։

Ղևոնդյանը ընդգծեց, որ թեև իրավիճակի զարգացումը հիմնականում կախված է եղել եկեղեցականների վարքագծից, սակայն առաջնային մեղավորներն այս հարցում քաղաքական պարազիտացած ուժերն են, որոնք համախմբվեցին եկեղեցու շուրջ և, իրենց շահերը առաջ մղելու համար, եկեղեցականներին սին հույսեր ներշնչեցին, ոգևորեցին, թե նրանք իրենց բարձր հեղինակությամբ ունեն իշխանափոփոխություն անելու ներուժ և դրդեցին կտրուկ քայլերի՝ ընդհուպ ահաբեկչական նախապատրաստման գործողությունների։