Հասարակություն

Ալիևը չի պատրաստվում գնալ զիջումների. քաղաքագետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս հայտարարել է, որ ««Զանգեզուրի միջանցքի» Ադրբեջանի տարածքում չպետք է լինի արտաքին վերահսկողություն։ Անհրաժեշտ է անարգել մուտք՝ Ադրբեջանի մի մասից մյուսը։ Ադրբեջանի քաղաքացիները չպետք է բախվեն հայ սահմանապահների հետ»։

Radar Armenia-ի հետ զրույցում քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը նշեց, որ Ալիևի հայտարարությունները պետք է դիտարկել Աբու Դաբիում կայացած բանակցությունների տրամաբանության շրջանակում. «Հայտնի է, որ Աբու Դաբիում նշանակալի առաջընթաց տեղի չի ունեցել բանակցություններում, եղել է պայմանավորվածություն շարունակել բանակցությունները։ Ալիևի այս հայտարարությունները հերթական փորձ են սեփական դիրքորոշումը կոշտացնել, որպեսզի հաջորդ բանակցություններին օրակարգում գերակշռի իր՝ ալիևյան օրակարգը»։

Ստեփանյանի խոսքով՝ Ալիևի առաջ քաշած «Զանգեզուրյան միջանցքի» նախագիծը ամբողջությամբ ապակառուցողական է. «Ալիևը չի պատրաստվում գնալ զիջումների և փորձում է առաջ քաշել իր Զանգեզուրյան միջանցք նախագիծը։ Իսկ սա արդեն իր մեջ դեստրուկցիայի է պարունակում, որը Հայաստանի համար անընդունելի տարբերակ է, և մենք չենք կարող գնալ այդ տարբերակով»։ Ըստ նրա՝ Ալիևը այս պահին տորպեդահարում է բանակցային պրոցեսը. «Ինչպես արել է մի քանի անգամ, երբ Բայդենի ադմինիստրացիայի կողմից գալիս էին միջնորդության առաջարկներ, և այդ տորպեդահարելու հետևանքները դնում է Հայաստանի վրա»։

Մեկ այլ քաղաքագետ՝ Երվանդ Բոզոյանն էլ նշեց, որ խնդիրը պարզ է․ «Ամերիկյան՝ պայմանական ասած ծրագիրը վերաբերելու է բացառապես միայն Հայաստանի տարածքին, և Ալիևը պաշտոնապես արդեն հայտարարում է, որ սա փաստացի երկկողմանի գործընթաց չի լինելու, և ոչ մի ամերիկյան օպերատոր չի վերահսկելու որևէ ադրբեջանական տարածք»։

Բոզոյանը նշեց, որ Հայաստանի իշխանությունները գնում են միակողմանի զիջումների, որոնք չեն ընդունվելու ոչ միայն ընդդիմադիրների, այլև իշխանության կողմնակիցների կողմից, և այդ պրոցեսը Հայաստանում պայթյունի է բերելու։

Լիլիթ Աբրահամյան