Հուլիսի 23-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն աշխատանքային այցով գտնվել է Շիրակի մարզում։ Այցին մասնակցել են Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը, նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը, Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը և համայնքի ավագանու անդամներ։
Այցի շրջանակում նախարարն այցելել է «Արթիկի ՓՀԿ» ՍՊԸ-ին պատկանող 12 հա տարածք, որտեղ գործում են երկու առանձին արտադրամասեր՝ ՍՎԵՏ-ՏԵՔՍ ՍՊԸ-ն, որն ունի շուրջ 1000 աշխատակից, զբաղվում է մանկական հագուստի արտադրությամբ։ Այնուհետև՝ «Արթիկի ՓՀԿ», որն ունի 45 աշխատակից, այն գործունեություն է ծավալում ոչ միայն որպես դասական թելերի արտադրությամբ զբաղվող կառույց, այլև հիմնական շեշտը դրվում է կանաչ արդյունաբերության վրա։ Ներկայումս ընկերությունը վերամշակում է այլ տեքստիլ արտադրություններից առաջացող թափոնները՝ նոր կյանք տալով մանրաթելերին։
Լանջիկ բնակավայրում նախարարն այցելել է «Լանջիկի հարսներ» կարի դպրոց-արտադրամաս, որն այս պահին ունի 8 աշխատակից՝ թիվը նախատեսվում է մեծացնել։ Ընկերություններն օգտվել են պետության կողմից տրամադրվող մաքսատուրքից ազատման արտոնությունից և պետական լիզինգի գործիքակազմից՝ ինչն էապես օգնել է ավելացնել արտադրողականությունը։
Սառնաղբյուր բնակավայրում նախարարը այցելել է ջրամբար, որի պատվարի անվտանգ շահագործման նպատակով նախագծերի ձեռքբերման համար կառավարության որոշմամբ հատկացվել է 18 մլն դրամ։ Ջրամբարը ոռոգում է ավելի քան 2000 հա հողատարածք։
Այնուհետև հանդիպել է տեղի բնակիչներին, լսել նրանց հուզող հարցերն ու խնդիրները, ներկայացրել պետության աջակցության գործիքակազմը։ Նախարարը հագեցած աշխատանքային այցն ամփոփել է Գուսանագյուղ բնակավայրում, որտեղ իրականացվել է 264 հա հացահատիկային մշակաբույսերի ցանք (ցորեն, գարի, վարսակ)՝ պետության կողմից իրականացվող բուսաբուծության աջակցության ծրագրի շրջանակներում։