Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է.
«Վեհարանը Կտրիճ Ներսիսյանից ազատելը առաջին հերթին հոգևոր օրակարգ է, մեր Եկեղեցին, և եկեղեցով մեր պետությունն ու հանրությունը, ինքներս մեզ նորոգելու, մեր պետության մեջ կյանքի բարոյական ստանդարտ սահմանելու օրակարգ։
Որովհետև դժվար, եթե չասենք անհնար է Հովհաննես Թումանյանի երազած և պատգամած հանրային–բարոյական նշաձողը, այն է՝ «ազնիվ մարդիկ, բարի սրտեր, բարձր հոգիներ»–ը, դարձնել միջին վիճակագրական ստանդարտ, եթե Եկեղեցու վերնախավն ինքը ուխտագրով իր ստանձնած և նախնիների կողմից ավանդված ստանդարտը չի պահում։
Ընդ որում, սա ապապետության հետևանք է․ կայսրությունները քաջալերել են «ուխտագրի ստանդարտից» շեղումը, որպեսզի դա լծակ դարձրած կառավարելի պահեն Հայ Առաքելական Եկեղեցին և այդպիսով արգելակեն մեր ժոովրդի վերելքը։
Այս իմաստով մեր խնդիրը չի կարող լինել Կտրիճ Ներսիսյանին կուսակրոնության ուխտը խախտած մեկ այլ քահանայով փոխարինելը, որովհետև դա կլինի քաղաքական խարդավանք և ոչ թե հոգևոր նորոգման օրակարգ։
Հասկանում եմ, որ սրանով խնդիրը բարդացնում եմ, բայց խարդավանքը մեր նպատակը չի եղել, չի և չի լինելու։
Հետևաբար առաջարկում եմ հետևյալ ծրագիրը։ Կտրիճ Ներսիսյանից ազատում ենք վեհարանը։ Որևէ ամունացյալ բարեվարք քահանա նշանակվում է Կաթողիկոսական տեղապահ, ով, բնականաբար, չի կարող հավակնել Կաթողիկոսի գահին։
Կաթողիկոսական նոր ընտրություններ տեղի չեն ունենում, քանի դեռ «Կանոնագիրք հայոց»–ի հիման վրա չի հաստատվում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանոնագիրքը, որը կլինի աշխարհաբար, համառոտ և բոլորին հասկանալի փաստաթուղթ (ներկայումս «Կանոնագիրք հայոց»–ի հատորյակների աշխարհաբար տարբերակ չկա, և նրա մեջ ներառված հազարավոր կանոնները ձևավորվել են 17 դարերի ընթացքում և այս փաստի բերումով հավատավոր հոտը, նույնիսկ բազմաթիվ հոգևորականներ Կանոնագրքի հետ չեն հաղորդակցվում, չգիտեն նրանում սահմանված կանոնները և այսպիսով Կանոնագրքի կիրառական նշանակությունը էականորեն տուժում է)։
Կանոնագիրքը հաստատելուց հետո պետք է տեղի ունենան Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրություններ, որի ընթացքում Կաթողիկոսի բոլոր թեկնածուների բարեվարքությունը ստուգված կլինի։
Ընդ որում, Կաթողիկոսի թեկնածուների բարեվարքության ստուգման, թեկնածուների համապատասխանության, ընտրությունների անցկացման ընթացակարգերը պետք է հաստատվեն Կանոնագրքով, որը պիտի ընդունվի Ազգային եկեղեցական ժողովի կամ համարժեք որևէ ձևաչափով։
Հիմա, «Վեհարանը վեհի՛» շարժման մասին։ Այն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդների շարժում է։ Այստեղ խնդիրն այն է, որ հրապարակներում կամ սոցիալական ցանցերում հանդես եկող որևէ մեկի դավանական պատկանելությունը չենք կարող ստուգել կամ որևէ մեկին չենք կարող արգելել հրապարակ գալ, կամ հանդես գալ որևէ դիրքորոշմամբ։ Բայց Շարժումը առաջնորդողները պետք է համապատասխանեն նախկինում բարձրաձայնված հետևյալ չափանիշներին․
ա) լինեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդներ (մկրտված լինեն Հայ Առաքելական Եկեղեցում);
բ) իրենց ամբողջ հոգով հավատան մեր կենդանի Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին;
դ) գոնե մեկ անգամ սկզբից մինչև վերջ կարդացած լինեն Աստվածաշունչը;
ե) վերջին հինգ տարում գոնե մեկ անգամ պահած լինեն Մեծ պահքը;
զ) ամեն օր աղոթող լինեն;
է) հավատան, որ Մայր Աթոռի նորոգման օրակարգը բխում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, մեր ժողովրդի, մեր պետության շահերից և համապատասխան է մեր նախնիների սուրբ ավանդին։
Իհարկե, այս չափանիշների մի մասին համապատասխանությունը էմպիրիկ եղանակով ստուգելը հեշտ չի լինի, բայց այստեղ էլ գործում է հաղորդակցության մեջ ստուգման տրամաբանությունը, որը լիարժեք իրագործելի է։
Հասկանալի է նաև, որ հայտարարելով, որ ես առաջնորդելու եմ «Վեհարանը վեհի՛» շարժումը, նախ ինքս պիտի համապատասխանեմ բոլոր չափանիշներին։
Ու քանի որ հայտարարել եմ, որ առաջնորդելու եմ «Վեհարանը վեհի՛» շարժումը, ուրեմն համապատասխանում եմ այդ չափանիշներին։
Հասկանում եմ նաև, որ վերը նշված չափանիշներով էականորեն դժվարացնում եմ շարժման առաջնորդության ձևավորումը։ Բայց դա անհրաժեշտ է օրակարգի առաջին հերթին հոգևոր լինելուց չշեղվելու համար, իսկ մեր տեր Հիսուս Քրիստոսը սովորեցնում է․ «Մտէ՛ք նեղ դռնով. ինչքա՜ն լայն է դուռը և ընդարձակ՝ ճանապարհը, որ դէպի կորուստ է տանում, և բազմաթիւ են նրանք, որ մտնում են դրանով: Ինչքա՜ն անձուկ է դուռը և նեղ՝ ճանապարհը, որ տանում է դէպի կեանք, և սակաւաթիւ են նրանք, որ գտնում են այն» (Մատթ․ 7․ 13-14):
Հ․Գ․ Նորոգման օրակարգը որևէ կերպ չի կարելի մեկնաբանել որպես կրոնապետության ակնարկ։ Այն որևէ քաղաքացու՝ որևէ ազատություն չի սահմանափակելու և չի կարող սահմանափակել։ Բայց դրանով հանրությունը պետք է նաև շատ հստակ ուղերձ հղի, որ պետական, եկեղեցական, քաղաքական առաջնորդներից այդ թվում անձնական և հանրային կյանքի լիարժեք հաշվետվողականության իրավունք ունի։ Ովքեր վստահ չլինեն այս հարցում, թող ոչ հոգևոր, ոչ քաղաքական առաջնորդության հայտ չներկայացնեն»։