Հասարակություն

«Համով կաթ» ընկերությունում խախտումներ են հայտնաբերվել, գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Համով կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում (Լոռու մարզ, ք. Ալավերդի) և պարզել, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների կոպիտ խախտումներով։

Արձանագրվել է, որ՝

-արտադրական շինությունում պահվում են սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող պարագաներ,

-հատակի մակերևույթներն անհարթ են, սալիկները կոտրված, ինչը հնարավորություն չի տալիս այն հեշտորեն լվանալ, մաքրել և ախտահանել,

-պանրի աղաջրային սենյակի պատերի մակերևույթները պատրաստված չեն անջրանցիկ, ախտահանվող և լվացվող նյութերից

-արտադրամասի առաստաղն ապահով չէ, չի կանխարգելում կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը,

- բացվող ներքին պատուհանները չունեն հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր,

- արտադրամասի կառուցվածքը և դասավորվածությունը չի ապահովում կենդանիների, այդ թվում կրծողների և միջատների արտադրական շինություններ ներթափանցումից պաշտպանությունը:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, hանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ խատումներն ու անհամապատասխանությունները վերացնելու համար, սահմանվել է ժամկետ: