Հասարակություն

«Դիմելու եմ Եվրոդատարան». Գագիկ Ծառուկյանը ցուցմունք է տալիս դատարանում

Հակակոռուպցիոն քրեական դատարանում շարունակվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի Գրուպ»-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանի գործով դատաքննությունը։

Այսօր ցուցմունք է տվել Սեդրակ Առուստամյանը։ Անդրադառնալով իր և Ծառուկյանի հարաբերություններին՝ նա նշել է, որ շփվել են բացառապես բիզնեսի հետ կապված հարցերով։ Առուստամյանի խոսքով՝ ինքը քաղաքական թեմաներին չի խառնվել, և Ծառուկյանն էլ արգելել է դա։

Այնուհետև ցուցմունք է տվել Գագիկ Ծառուկյանը։ Նա ևս նշել է, որ տարիներ շարունակ վստահել է Սեդրակ Առուստամյանին, և որ նրանք շփվել են միայն բիզնեսի հարցերով։

«Ես, նայելով մեր մեղադրողի մոտեցմանը, գիտեմ՝ ինչպես որոշեք, այդպես էլ որոշելու եք։ Ասեմ, որ լիարժեք հույսեր չունեմ, թե կարդարացնեք։ Ես դիմելու եմ Եվրադատարան»,- նշել է Ծառուկյանը։ Նա նաև ասել է, որ գիտակից կյանքում միշտ ցանկացել է օգնել. որքան մեծացել է հնարավորությունը, այնքան ավելի շատ է օգնել։ «Ցանկացած Նոր տարուն՝ 400.000 հատ նվեր երեխաներին, ցանկացած մարտի 8-ին։ Դա խոսքեր չեն, ես արել եմ»,- նշել է նա՝ հավելելով, որ իր արածից միշտ լավ է զգացել։

«Երբ ընտրություն է եղել, ես ոչ ոքի ոչ մի կոպեկ տալու կամ առնելու պատմություն չունեմ, որովհետև գիտեմ՝ առիթ են փնտրում։ Եթե անգամ ուզում ես օգնել, վերագրում են ընտրակաշառք։ Եղել է դեպք՝ Եղեգնաձորում հանդիպման ժամանակ մի տատիկ դիմել է՝ ասում է՝ ոտքը կոտրած է, արդեն յոթ օր է՝ հիվանդանոցում գիպսի մեջ չեն դրել, տղաներն էլ այստեղ չեն։ Ես ռիսկ չեմ արել՝ գումարը հանել, ասել՝ վերցրու քո 100.000 դրամը, գնա ոտքդ գիպսի մեջ դիր»,- ասել է նա՝ հավելելով, որ նախընտրական շրջանում ոչ մեկին չի օգնել։

Ծառուկյանը ցուցմունք տալուց հետո հրաժարվել է պատասխանել մեղադրող կողմի հարցերին. «Եթե իրականությանը, գործին վերաբերվում է, կպատասխանեմ՝ տղավարի։ Բայց եթե պետք է սենց՝ տակից, կողքից, բանից, չեմ պատասխանի»։

Մեղադրողը նշել է, որ հարցերը տրվում են ըստ մեղադրանքի։

«Հարգելի մեղադրող, ես ձեզ հարգում եմ, բայց ոչ մի հարցի չեմ պատասխանի»,- ասել է Ծառուկյանը։

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածով՝ ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ընթացքում բարեգործության արգելքի խախտման կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու համար։