Հասարակություն

Բեռնատարների խուզարկությամբ մաքսանենգ ճանապարհով ներմուծված թմրամիջոցներ են հայտնաբերվել

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները թմրամիջոցների մաքսանենգության վերաբերյալ ստացած հերթական օպերատիվ տեղեկություններն իրացրին հուլիսի 18-ին:

Ժամը 23.50-ին Արտաշատի խճուղում ձերբակալվեց Փարաքարի բնակիչ 56-ամյա մի տղամարդ, որն իր խոշոր բեռնատարով հանդերձ տեղափոխվեց վարչություն:

Տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց մեթամֆետամինի նմանվող զանգվածով փաթեթ:

Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում, դատարանի որոշմամբ, հուլիսի 20-ին բեռնատարի խուզարկությամբ հայտնաբերվեց մեթամֆետամինի նմանվող ընդհանուր 90 գրամից ավելի զանգվածներով երկու տարա։

Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, նախաքննությունը շարունակվում է:

***
Այս ձերբակալումից մոտ կես ժամ անց, նույն` Արտաշատի խճուղում, նույն կասկածանքով ձերբակալվեց և իր վարած խոշոր բեռնատարով հանդերձ Երևանի վարչություն տեղափոխվեց նաև մայրաքաղաքի Դրոյի փողոցի բնակիչ 46-ամյա տղամարդ:

Այս դեպքով ևս նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում բեռնատարը խուզարկվեց։ Իրավապահները հայտնաբերեցին 11 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող զանգված։

Հանգամանքները պարզվում են։