Հասարակություն

Արագածոտնի մարզում «Opel»-ը բռնկվել է. 5 անչափահասներից 1-ը մահացել է, 4-ը՝ տեղափոխվել հիվանդանոց

Այսօր՝ հուլիսի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, գրում է Shamshyan.com-ը։

Ժամը 15։30-ի սահմաններում Թաթուլ գյուղից դեպի Հացաշեն գյուղ տանող ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և բռնկվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի մահացած վիճակում տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը և տեղում իրականացրել հերթապահություն։

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենայում եղել են 5 անչափահասներ։ Մահացածին հիվանդանոց է տեղափոխել քաղաքացին՝ իր անձնական ավտոմեքենայով, սակայն ճանապարհին երեխան մահացել է։ 4 հոգի էլ տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն, որտեղ 3 հոգին անհրաժեշտ բուժօգնություն են ստացել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, իսկ մեկ հոգի ըստ բժիշկների ունի վնասվածքներ և պետք է մնա իրենց հսկողության տակ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի, մահացածի և հիվանդանոց տեղափոխված 4 երեխաների ինքնությունը։