Հուլիսի 15-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևանի Արմենակյան փողոցի տներից մեկի բնակիչը և հայտնել, որ ժամը 18-ից 19․30-ն ընկած ժամանակահատվածում գողացել են բակում կայանված իր «Մազդայի» կողային հայելու ապակին։
Նմանատիպ ահազանգ է ստացվել նաև հուլիսի 16-ին. նախորդ օրը՝ ժամը 9-ից 16-ն ընկած ժամանակահատվածում, գողացել էին դարձյալ Արմենակյան փողոցի շենքերից մեկի մոտ կայանված «Մազդայի» կողային հայելու ապակին։
Նույն փողոցում կայանված մեկ այլ «Մազդայի» կողային հայելու ապակին էլ գողացել էին հուլիսի 16-ի ժամը 16-ից 18․30-ն ընկած ժամանակահատվածում: Երեք դեպքով էլ կազմված փաստաթղթերը ուղարկվել են նախաքննական մարմին:
Համայնքային ոստիկանության Մարաշի և Նոր Նորքի բաժինների ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ մազդաներից գողությունները կատարել է Ավան-Առինջ թաղամասի բնակիչ 33-ամյա երիտասարդը: Նա ձերբակալվել, տեղափոխվել է Մարաշի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին: