Հասարակություն

Պայթյուն Շենգավիթում՝ հրդեհի բռնկմամբ․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել

Հուլիսի 18-ին պայթյուն-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ահազանգ է ստացվել, որ Սասունցի Դավիթ մետրոպոլիտենի կայարանի Սևանի փողոցի թիվ 30/3 հասցեում գործող սննդի կետում պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են սննդի կետի աշխատակիցները։

Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյուն-հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են սննդի կետի սեփականատիրոջ ինքնությունը։

Ավելի ուշ ՆԳՆ-ն հայտնել է, որ հրդեհը բռնկվել է Սևանի փողոցում գտնվող արագ սննդի կետերից մեկում (մոտ 30 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։36-ին, մարվել՝ 22:42-ին։ Սննդի կետում այրվել են 20 կգ-անոց գազի բալոնից արտահոսած գազը, մոտ 20 քմ հատված՝ գույքով և տեխնիկայով, մյուս հատվածը (մոտ 10 քմ)՝ ջերմահարվել։ Երկրորդ 20 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք։

Հրշեջ-փրկարարները փակել են 2 գազի բալոնների փականները: