Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Եվրոպական ներդրումային բանկի նախագահ Նադիա Կալվինյոի մասնակցությամբ Լյուքսեմբուրգում՝ Եվրոպական ներդրումային բանկի գլխամասային գրասենյակում տեղի է ունեցել «Հայաստան - Դիմակայուն Սյունիք ծրագիր» ֆինանսական համաձայնագրի ստորագրման արարողությունը: Համաձայնագիրը ստորագրել են Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ԵՆԲ փոխնախագահ Թերեզա Չերվինսկան:
50 մլն եվրո ծավալի վարկային համաձայնագրով նախատեսված ծրագիրը նպաստելու է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի շարունակական զարգացմանը և ուղղված է լինելու մարզի տնտեսական զարգացմանը և ենթակառուցվածքների բարելավմանը ջրամատակարարման, առողջապահության և կրթության ոլորտներում:
Ծրագիրն այդ թվում կնպաստի Սյունիքի մարզում բնակություն հաստատած տեղահանված անձանց և ընդունող համայնքների կարիքների բավարարմանը և արժանապատիվ կենսապայմանների ապահովմանը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը միջոցառման ընթացքում հանդես է եկել ողջույնի խոսքով, կարևորել են «Դիմակայուն Սյունիք» շրջանակային վարկային համաձայնագրի ստորագրումը և շնորհակալություն է հայտնել ԵՆԲ գործընկերներին համաձայնագրի նախապատրաստման ուղղությամբ կատարված աշխատանքների համար՝ մաղթելով այս կարևոր ծրագրի արդյունավետ իրագործում։
«Հայաստանի կառավարության և Բանկի միջև համագործակցությունը գալիս է ամրապնդելու այս օրերին ավելի ինտենսիվ փուլ մտած Հայաստան-Եվրամիություն քաղաքական երկխոսությունը և ընդլայնվող գործընկերության օրակարգը, որոնք հիմված են կայուն զարգացման, տնտեսական աճի և տարածաշրջանի դիմակայունությունն ավելացնելու համընդհանուր մոտեցումների վրա»,-նշել է Մհեր Գրիգորյանը:
Լյուքսեմբուրգ կատարած այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպումներ է ունեցել Եվրոպական ներդրումային բանկի նախագահ Նադիա Կալվինյոի և փոխնախագահ Թերեզա Չերվինսկայի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են ԵՆԲ հետ համագործակցության զարգացման հեռանկարները և համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը: