Հասարակություն

Համագործակցությունը կշարունակվի՝ համատեղ քննարկումների ձևաչափով

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների գործակալության (ՓԳՀ) ներկայացուցիչներին։ Այս մասին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից:

Հանդիպմանը ներկա էին ՓԳՀ հանձնակատարի ներկայացուցչի տեղակալ Լիվ Ֆեյիենը, Գորիսի գրասենյակի ղեկավար Սահականուշ Եղիազարյանը, ինչպես նաև մարզպետի աշխատակազմից՝ առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանն ու տարածքային կառավարման վարչության պետ Վանիկ Հարությունյանը։

«Կողմերը քննարկեցին մարզում փախստականների հարցերով համակարգող աշխատանքային խմբի և ՄԱԿ-ի ՓԳՀ-ի միջև համագործակցության ընթացքը և առաջիկա ծրագրերը։ ՄԱԿ-ի ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին մարզպետի աշխատակազմին արդյունավետ և շարունակական աշխատանքի համար։

Ի պատասխան՝ Կարեն Սարգսյանն իր երախտագիտությունը հայտնեց կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերի համար և ընդգծեց, որ համագործակցությունը կշարունակվի՝ համատեղ քննարկումների ձևաչափով»,- ասված է հաղորդագրությունում։