Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։
Նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Դաղերին կատարված աշխատանքի համար՝ ընդգծելով, որ Լիբանանի հանդեպ հայ ժողովրդի վերաբերմունքը պատմականորեն ձևավորված է ջերմ բարեկամական կապերի և ընդհանուր արժեքների վրա:
«Վստահ եմ, որ Դուք լավ գիտեք մեր վերաբերմունքը Լիբանանի պետության և ժողովրդի նկատմամբ։ Հավատացեք՝ Լիբանանում տեղի ունեցող յուրաքանչյուր իրադարձություն՝ լինի դրական, թե՝ բացասական, մեզ մոտ ընդունվում է նույնքան սրտացավությամբ, որքան եթե դա տեղի ունենար մեր երկրում:
Մենք մշտապես զգացել ենք միմյանց կարիքը։ Դա վերաբերում է կյանքի բոլոր բնագավառներին՝ սկսած քաղաքական համագործակցությունից, մինչև միջազգային հարթակներում միմյանց աջակցությունը»,- ասել է նախագահը։
Այս համատեքստում Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել Լիբանանի վերջերս արտահայտած դիրքորոշման համար՝ Իսլամական համագործակցության կազմակերպության Ստամբուլում կայացած գագաթնաժողովի ընթացքում։ Նա բարձր է գնահատել այն հանգամանքը, որ Լիբանանը վերապահում է հայտնել ընդունված հայտարարության այն ձևակերպումների առնչությամբ, որոնք Ադրբեջանի նախաձեռնությամբ ներառվել էին հակահայկական ենթատեքստով։
Խոսելով երկու երկրների հարաբերություններն առավել ակտիվացնելու անհրաժեշտության մասին ՝ նախագահը նշել է, որ ապագային պետք է նայել լավատեսությամբ: «Ես ավելի լուսավոր ապագա եմ տեսնում մեր երկու երկրների համար»,- հավելել է նա։
Դեսպան Մայա Դաղերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել. «Ես հեռանում եմ Հայաստանից՝ գրեթե ութ տարի դիվանագիտական առաքելություն իրականացնելուց հետո։ Հեռանում եմ տխրությամբ, սակայն, միևնույն ժամանակ, ուրախությամբ, քանի որ, ինչպես նշեցիք, ապագան մեր երկու երկրների համար լուսավոր է լինելու»։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել հայ-լիբանանյան հարաբերությունների հնարավորինս արագ ակտիվացման անհրաժեշտությանը՝ հաշվի առնելով Լիբանանում վերջին շրջանում սկսված վերակառուցման և վերականգնման գործընթացները, ինչպես նաև երկու ժողովուրդների միջև գոյություն ունեցող պատմական կապերն ու փոխադարձ վստահության ամուր հիմքերը։
Զրույցի ավարտին Հանրապետության նախագահը դեսպան Դաղերին մաղթել է հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ հետագա գործունեության մեջ: