Հասարակություն

Քննարկվել են սպառողների իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլերը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մասնակցել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) կողմից Շվեյցարիայի Ժնև քաղաքում կազմակերպված՝ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության վերաբերյալ Միավորված ազգերի 9-րդ համաժողովին։

Հանձնաժողովի նախագահը իր ելույթում ընդգծել է, որ այսօրվա փոփոխվող աշխարհում մրցակցային մարմինները բախվում են նոր մարտահրավերների, որոնք պահանջում են սերտ համագործակցություն։

Նա շեշտել է, որ համատեղ ջանքերը անհրաժեշտ են ոչ միայն միջազգային, այլև երկկողմ մակարդակում, որպեսզի կարողանանք արդյունավետ արձագանքել ընդհանուր մտահոգություններին։

Այս համատեքստում Գեղամ Գևորգյանը առաջարկել է, որ UNCTAD-ը կարող է ծառայել որպես հարթակ, որը կնպաստի արդյունավետ համագործակցությանը և լուծումներին։

«Այսպիսի համագործակցությունը ոչ միայն կվավերացնի մեր երկրում իրականացվող բարեփոխումների ճիշտ ուղղությունը , այլ նաև կբացի նոր հեռանկարներ՝ իրավակիրառման կարողությունների զարգացման և համընդհանուր մարտահրավերներին համակարգված արձագանքելու համար», - նշել է Գեղամ Գևորգյանը:

Համաժողովի ընթացքում Գեղամ Գևորգյանն ունեցել է հանդիպումներ մի քանի երկրների մրցակցային մարմինների ղեկավարների հետ, քննարկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Նա հանդիպել է նաև Consumers International կազմակերպության նախագահի և ներկայացուցիչների հետ։

Քննարկվել են սպառողների իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլերը և համագործակցության հնարավորությունները Սպառողների համաշխարհային կոնգրեսի շրջանակում

Consumers International-ը սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող համաշխարհային ցանց է, որն ընդգրկում է ավելի քան 200 կազմակերպություն՝ 100 երկրներից։