Հասարակություն

Ալկոհոլային խմիչքների արտադրությունը զգալի նվազել է

Հայաստանում այս տարվա հունվար-մայիսին, 2024թ. նույն ժամանակահատվածի համեմատ, զգալիորեն նվազել է որոշ պարենային և ալկոհոլային ապրանքների արտադրությունը։

Վիճակագրական տվյալների համաձայն՝ առավելապես նվազել է մակարոնեղենի արտադրությունը (շուրջ 40%)։ Գինու արտադրությունը նվազել է 38, իսկ կոնյակի արտադրությունը՝ 30%–ով։

Նկատվել է նաև օղու և այլ սպիրտային խմիչքների արտադրության անկում (մոտ 18%)։ Շոկոլադի ու շաքարեղենի արտադրությունն անկում է գրանցել 11%, իսկ կերակրի աղի արտադրությունը՝ 12%-ով։ Նվազում է արձանագրվել նաև երշիկեղենի արտադրությունում՝ մոտ 10%։

Միևնույն ժամանակ, որոշ ապրանքների արտադրությունը Հայաստանում զգալիորեն աճել է։ Առավել մեծ աճ է գրանցել ձավարեղենի արտադրությունը, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է շուրջ 65%-ով։

Ծխախոտային արտադրանքի արտադրությունն աճել է 54%, իսկ զտած բուսայուղերի արտադրությունը՝ 40%-ով։ Աճ է արձանագրվել նաև կաթնամթերքի հատվածում. մասնավորապես, կաթնաշոռի արտադրությունն ավելացել է 23.6%, կարագինը՝ 23.5%, պաղպաղակինը՝ 20.7%, թթվասերինը՝ 21.7%-ով։

Աճ է գրանցվել նաև ոչ ալկոհոլային խմիչքների, պանրի և մրգահյութերի արտադրության ոլորտում։