Հուլիսի 4-ին Երևանի ftNFT ֆիջիթալ սփեյսում տեղի է ունեցել Summertime ցուցահանդեսի բացումը:
«Ամառային օդը փոխում է իրականությունը՝ ինչպես հիշողությունը» կոնցեպտով ցուցահանդեսին ներկայացված ստեղծագործություններն ասես դուրս են ժամանակից և տարածությունից. օրը վերածվում է գեղեցիկ ու անուշաբույր հիշողության:
ftNFT ֆիջիթալ սփեյսի արվեստի համադրող Արմինե Հարությունյանը ներկայացրել է ցուցահանդեսի բուն գաղափարը: «Ցուցադրությունը կոչվում է Summertime: Փորձել ենք մեր սփեյսում ներկայացնել նոր արտիստներ, որոնց հետ երբևիցե դեռ չենք աշխատել: ftNFT ֆիջիթալ սփեյսում առաջին անգամ ենք ներկայացնում հենց այս նկարիչներին: Շատ ուրախ ենք նրանց հյուրընկալել մեր տարածքում»:
Նոր համագործակցության շրջանակում ftNFT համայնքին միացած արտիստներ Նարեկ Բարսեղյանի, Արամ Ենգիբարյանի, Էմիլյա Զաքարյանի, Եվա Պետրոյանի և Լիլիթ Եղիազարյանի գունագեղ կտավները ստեղծում են հիասքանչ ամառային միջավայր։ Ներկայացված ինքնատիպ աշխատանքները միտված են փոխելու դիտորդների տարածական և հուզական ընկալումները։
Արվեստագետ Եվա Պետրոսյանը պատմել է սեփական փորձառության և հաջողված գործակցության մասին. «Հիմնականում այս երիտասարդ տարիքում բավականին բարդ է նոր ստեղծագործական կյանք մտնելը, ու երբ որ կողքից մարդիկ են լինում, ովքեր ուղղորդում են, օգնում են, հնարավորություն են տալիս, ես միշտ շատ շնորհակալ եմ լինում»:
ftNFT-ն հիանալի հարթակ է՝ համախմբելու և օժանդակելու արվեստասերներին: Ցուցադրված աշխատանքներին կարելի է ծանոթանալ մինչև հուլիսի 21-ը՝ 10:00-ից 22:00-ն, Պարոնյան 16/2 հասցեում: