Հասարակություն

«Հին Ապարան» ՍՊԸ-ի կաթնամթերքում հայտնաբերվել են աղիքային մանրէներ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները ստուգում են իրականացրել «Հին Ապարան» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, Նաիրի համայնք), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:

Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Թթվասեր 20%», «Կաթնաշոռ 18%» արտադրատեսակների նմուշները «ԱՑԽՄ»՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ և «Կաթնային յուղի ճարպաթթուների մեթիլ եթերների հարաբերակցությունը՝ պալմիտինաթթու (C16:0), լաուրինաթթու (C12:0), ստեարինաթթու (C18:0), լաուրինաթթու (C12:0), օլեինաթթու (C18:1), միրիստինաթթու (C14:0), լինոլաթթու (C18:2), միրիստինաթթու (C14:0), օլեինաթթվի և լինոլաթթվի գումար հարաբերությունը լաուրինաթթվի, միրիստինաթթվի, պալմիտինաթթվի և ստեարինաթթվի գումարին» ցուցանիշներով, «Աղաջրային կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով «Չանախ»» արտադրատեսակը «ԱՑԽՄ» ցուցանիշով չեն համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։

Ի հավելումն․ ավելի վաղ կասեցվել է վերոնշյալ արտադրամասին պատկանող «Կարագ 82,5%» արտադրատեսակի նմուշը «ՄԱՖԱնՄՔ»՝ մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ ցուցանիշով, որի կրկնակի վերահսկողության ընթացքում պարզվել է, որ խախտումները չի վերացվել։
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը կասեցվել է։

Սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար։

Տրվել է խմբաքանակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր: