Հասարակություն

ԼՂ-ից բռնի տեղահանվածները դադարեցնում են նստացույցը

ԼՂ-ից բռնի տեղահանվածները դադարեցնում են Կառավարության մոտ նստացույցը. լրագրողների հետ զրույցում ասել է նրանց ներկայացուցիչ Ապրես Մարգարյանը։

«Տեսաք՝ շատ քիչ մարդ դուրս եկավ հանրահավաքի։ Մենք հայտարարեցինք համահայկական օրակարգ, որը, փաստորեն, չստացվեց։ Մենք ընդունում ենք, որ խորհուրդը որոշ բացթողումներ և թերություններ ունեցել է։ Անպայման վերաձևակերպելու ենք։ Արցախի ներկայացուցչության շենքից խորհուրդը այս պահից դուրս կգա»,- նշել է նա։ 

Նա նշեց, որ փողոցային պայքարի համար հանրային աջակցություն չկա, հետևաբար, այս փուլում նստացույցը դադարեցնում են. «Մենք կքննարկենք՝ ինչ ձևաչափով և ում հետ ենք համագործակցելու։ Երբ լինի հանրային մեծ պահանջարկ, պատրաստ ենք նորից այդ պատասխանատվությունը վերցնել. զուտ փողոցային պայքարի մասով եմ ասում»,- ասել է նա։

Հիշեցնենք՝ այսօր նրանք հանդիպել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ։