Հասարակություն

Ինչպես խուսափել աղիքային վարակներից շոգ եղանակին

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

« Հիշեք՝ շոգ եղանակին մեծանում է սննդի միջոցով վարակի փոխանցման հավանականությունը։

Ամառային շոգն ինքնին աղիքային վարակների սեզոնային վերելքի շրջան է, սա պայմանավորված է բազմաթիվ գործոններով, սկսած ստամոքսի թթվայնության անկումից, վերջացրած ճանճերի ակտիվացմամբ: Շոգ եղանակին մեծանում է սննդի միջոցով վարակի փոխանցման հավանականությունը, այստեղ առանձնապես մեծ է կրեմային արտադրատեսակների դերը (օրինակ՝ տորթեր, կրեմով լցոնված թխվածքներ, պաղպաղակ և այլն), որոնք կարող են դառնալ աղիքային վարակների տարածման հիմնական գործոններից մեկը, եթե չեն պահպանվում սանիտարահիգիենիկ պայմանները։

Աղիքային վարակների հարուցիչների բազմացմանը կրեմային արտադրատեսակներում նպաստում են`
​1.​Սառեցման անբավարար պայմանները` շոգ եղանակին դրանք պետք է պահվեն +2°C – +6°C պայմաններում։
​2.​Պատրաստման ժամանակ հիգիենայի խախտումները` կեղտոտ ձեռքեր, գործիքներ։
​3.​Անորակ հումք` ձու, կաթնամթերք և այլն, որոնք կարող են պարունակել սալմոնելա, շիգելլա, աղիքային ցուպիկ, ստաֆիլոկոկ կամ այլ մանրէներ։
​4.​Պահպանման ժամկետի գերազանցում` կրեմային արտադրատեսակներն արագ փչացող են, հատկապես շոգին։
​5.​Արտադրանքի բազմակի սառեցում և հալեցում, ինչը նույնպես նպաստում է մանրէների բազմացմանը։
Հիմնական վտանգավոր մանրէները և դրանց փոխանցման ռիսկերը`
​•​Salmonella spp.` հաճախ փոխանցվում է հում ձվի միջոցով։
​•​Staphylococcus aureus` կարող է փոխանցվել շփման միջոցով, երբ սնունդը պատրաստողը վարակված է։
​•​E. coli` տարածվում է կեղտոտ ձեռքերով կամ անորակ ջրով։
​•​Campylobacter ` հանդիպում է անորակ կաթնամթերքի և մսի մեջ։
Վարակման ախտանիշներն են` փորլուծություն, ցավ որովայնում, ջերմություն, սրտխառնոց, փսխում, թուլություն:

Ինչպես խուսափել աղիքային վարակներից շոգ եղանակին`
​1.​Միշտ ընտրել սառցախցիկով պահված կրեմային արտադրատեսակներ։
​2.​Ստուգել արտադրության և վերջնաժամկետի նշումները։
​3.​Չգնել այս ապրանքատեսակները փողոցում կամ չսերտիֆիկացված կետերից։
​4.​Պահել սառնարանում՝ հնարավորինս արագ օգտագործումից առաջ։
​5.​Խուսափել երկար ճանապարհորդության ժամանակ կրեմային մթերք վերցնելուց։
Ջրազրկումը, որը աղիքային վարակների հետևանքով զարգացող հիմնական բարդությունն է, վտանգավոր է և երեխաների և մեծահասակների (հատկապես տարեցների) շրջանում և կարող է լուրջ առողջական խնդիրներ առաջացնել, հատկապես շոգ եղանակին։

Ջրազրկման հիմնական նշանները մեծահասակների շրջանում հետևյալն են`
​1.​Բերանի չորություն,
​2.​Նոսր, մուգ դեղին, սակավ մեզ
​3.​Թուլություն, գլխապտույտ կանգնելիս
​4.​Ջերմության զգացում կամ մարմնի բարձր ջերմաստիճան
​5.​Քնկոտություն, գրգռվածություն կամ հոգնածություն
​6.​Մաշկի առաձգականության կորուստ (մաշկը «ձգելուց» դանդաղ վերադառնում է)
​7.​Ցածր զարկերակային ճնշում
​8.​Սրտխփոց, արագ շնչառություն

Ջրազրկումն առավել վտանգավոր է հետևյալ խմբերի համար`
​•​Տարեցներ (>65 տարեկան)` նրանց մոտ ծարավի զգացողությունը թուլացած է։
​•​Մարդիկ, ովքեր ունեն քրոնիկ հիվանդություններ՝ շաքարային դիաբետ, երիկամային հիվանդություններ։
​•​Աղիքային վարակ ունեցողներ (փորլուծություն, փսխում)։
​•​Բարձր ջերմաստիճան ունեցողներ։
​•​Սպորտով զբաղվողներ կամ ֆիզիկական ծանրաբեռնվածություն ունեցողներ շոգ եղանակին։

Հնարավոր բարդություններ
​•​Էլեկտրոլիտային խանգարումներ (նատրիում, կալիում)
​•​Դիաստոլիկ ճնշման անկում (շոկի վտանգ)
​•​Տեսողության, գիտակցության խանգարումներ
​•​Սրտի կամ երիկամների անբավարարություն

Ջրազրկման կանխարգելում և կառավարում

1. Արդյունավետ հիդրատացում
​•​Խմել 6–8 բաժակ ջուր օրական (շոգ եղանակին՝ ավելին)։
​•​Շաքարով հյութերից կամ գազավորված ըմպելիքներից խուսափել։
​•​Օգտագործել էլեկտրոլիտներով հարստացված լուծույթներ՝ փորլուծության կամ ջրազրկման դեպքում

2. Սննդի կարգավորում
​•​Սննդակարգում օգտագործել ջրային մթերքներ՝ ապուրներ, բանջարեղեն, մրգեր (սեխ, ձմերուկ, վարունգ)։
​•​Խուսափել աղի ուտեստներից, որոնք բարձրացնում են հեղուկի կորուստը։

3. Հսկողություն և ինքնադիտարկում
​•​Հետևել միզելու հաճախականությանը և գույնին։
​•​Հատկապես տարեցների դեպքում՝ հիշեցնել ջուր խմել, նույնիսկ ծարավ չունենալու դեպքում։

4. Բուժօգնություն
​•​Միջինից ծանր ջրազրկման դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի՝ հնարավոր է ներերակային հեղուկների անհրաժեշտություն։
​•​Տանը կարելի է օգտագործել աղի-շաքարային լուծույթ