Սպորտ

Հաջորդ մրցակիցը Մոնտենեգրոն է

Հայաստանի բասկետբոլի Մ20 տարեկանների հավաքականը սկսել է մրցելույթները Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի B ենթախմբում: Առաջին խաղում Հայաստանի հավաքականը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մրցել է Լատվիայի հավաքականի հետ և 97:45 հաշվով զիջել է մրցակցին:

Հայաստանի կազմում ամենաշատ միավորները վաստակել է Յուրա Մելիքյանը՝ հավաքելով 10 միավոր: Նա նաև 8 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 1 արդյունավետ փոխանցում: Հայաստանի հավաքականը երկրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 12-ին` մրցելով Մոնտենեգրոյի հետ:

Եվրոպայի երիտասարդական առաջնության շրջանակում այսօր ևս երեք հանդիպում կայացել է Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում:

Առաջին խաղում Շվեյցարիայի հավաքականը 81-86 հաշվով հաղթանակ է տարել Դանիայի հավաքականի նկատմամբ, երկրորդ խաղում Մեծ Բրիտանիայի ընտրանին հաղթանակ է տարել Բուլղարիայի նկատմամբ՝ 75:61 հաշվով, իսկ երրորդ խաղում Մոնտենեգրոյի հավաքականը 77:79 հաշվով հաղթանակ է տարել Էստոնիայի նկատմամբ: