ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մարզում գործող համատիրություններից մեկի կառավարիչը ձևական պայմանագրով 349.4 քմ մակերեսով կիսանկուղային տարածքը նվիրաբերել է իր խնամուն:
Դրանից հետո համատիրության կառավարիչը հանցավոր ճանապարհով ստացված գույքի ձեռքբերումը լեգիտիմացնելու, գույքի իրական պատկանելիությունը թաքցնելու և հանցավոր ծագման աղբյուրը խեղաթյուրելու նպատակով 349.4 քմ մակերեսով կիսանկուղային տարածքը բաժանել է 2 մասի:
Այնուհետև, կառավարչի ցուցումով 247.2 քմ մակերեսով տարածքը 2 մլն ՀՀ դրամով վաճառվել է Տավուշի մարզի բնակչին, իսկ մյուս՝ 102.2 քմ մակերեսով տարածքը, 1 մլն 500 հզր ՀՀ դրամով ձևական առուվաճառքի պայմանագրով օտարվել է իր կնոջը: Վերջինիս կինը 5 մլն 500 հզր ՀՀ դրամով վերոնշյալ տարածքն օտարել է մեկ այլ անձի, ով, իր հերթին, տվյալ գույքը նույն արժեքով օտարել է համատիրության կառավարչի դստերը:
Վերը նկարագրված գործողությունների հետևանքով թաքցվել է ընդհանուր 349.4 քմ մակերեսով և 15 մլն 581 հզր 693 հզր ՀՀ դրամ կադաստրային արժեքով անշարժ գույքի իրական պատկանելիությունը, խեղաթյուրվել է դրա հանցավոր ծագումը, ինչի արդյունքում համատիրությունը զրկվել է համայնքի կողմից տրամադրված գույքը տնօրինելու լիազորությունից:
Բացի այդ, նախաքննության ընթացքում կատարված բազմաթիվ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Տավուշի մարզի բնակչուհին հանդիսանալով համատիրության աշխատակցուհի, առանց համապատասխան գրանցումների, կառավարչի գիտությամբ զբաղվել է բնակչության կողմից համատիրությանը վճարվող գումարների դրամահավաքով և հավաքագրել է շուրջ 6 մլն ՀՀ դրամ գումար, ինչն էլ յուրացվել է կառավարչի կողմից:
Ս.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով (առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը)։
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է գրավը և բացակայելու արգելքը:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: