Հասարակություն

ԱՄՆ-ի դիրքորոշումը՝ Երևանին և Բաքվին ներկայացված առաջարկին

ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է լուրերին այն մասին, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմ կողմից Հայաստանին և Ադրբեջանին առաջարկ է ներկայացվել Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։  

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ ԱՄՆ  պետքարտուղարության մամուլի գրասենյակը հայտնել է, որ մամուլում հրապարակված այդ լուրերի վերաբերյալ իրենք տեղեկություն չունեն։ 

«Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերին: Մենք որեւէ տեղեկություն չունենք, որը կարող ենք տրամադրել մամուլում այդ hրապարակումների վերաբերյալ»,- ասված է պետքարտուղարության մամուլի ծառայության ներկայացուցչի պատասխանում։ 

Ավելի վաղ Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Օլեսյա Վարդանյանը՝ հղում անելով երկու օտարերկրյա դիվանագետների, նշել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Երևանին ու Բաքվին առաջարկ է ներկայացրել Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ կապող ճանապարհի մասին։

Ըստ այդ աղբյուրների՝ ամերիկյան առաջարկը նման է տարիներ առաջ Եվրամիության կողմից շրջանառված տարբերակին, որի հիմքում 2008-ի պատերազմից հետո Ռուսաստանի և Վրաստանի միջև համաձայնեցված ծրագիրն էր։ Դրանով կողմերը նախատեսում էին Աբխազիայի և Հարավային Օսիայի վիճելի շրջաններով անցնող երթուղիների կառավարումը հանձնել շվեյցարական մի անկախ ընկերության, որը պարտավորվելու էր հետո լոգիստիկ տվյալները փոխանցել շահագրգիռ բոլոր կողմերին։