Հասարակություն

Ճապոնիայի աջակցությամբ կթարմացվի Հայաստանի օդի մոնիթորինգի համակարգը

Հայաստանը և Ճապոնիան կհամագործակցեն մթնոլորտային օդի որակի վերահսկման համակարգի արդիականացման ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:

ՀՀ կառավարությունը հուլիսի 10-ին հավանություն է տվել դրամաշնորհային համաձայնագրի ստորագրմանը, որը թույլ կտա շարունակել ոլորտի տեխնոլոգիական զարգացումը։

Օդի որակի մոնիթորինգը կարևոր գործիք է ինչպես մարդու առողջության պաշտպանության, այնպես էլ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի համար։ Սակայն ներկայումս կիրառվող մեթոդները ժամանակավրեպ են և չեն արձագանքում արդի պահանջներին։ Օրինակ՝ ստացված տվյալները հասանելի են դառնում առնվազն երեք օր անց, իսկ կարևոր աղտոտիչների՝ PM10, PM2.5 և ածխածնի մոնօքսիդի չափումները տեխնիկապես հնարավոր չեն։

Նախագծի շնորհիվ նախատեսվում է արդիականացնել երեք դիտակայան՝ համալրելով դրանք ժամանակակից ճապոնական ավտոմատ սարքավորումներով, որոնք կստեղծեն օդի աղտոտվածության իրական ժամանակային պատկեր։ Տվյալները հասանելի կլինեն նաև հանրությանը՝ հնարավորություն տալով հետևել օդի որակին առցանց ռեժիմով։

Այս համագործակցությունը կնպաստի Հայաստանում մթնոլորտային օդի մոնիթորինգի միջազգային չափանիշներին համապատասխանեցմանը և կուժեղացնի բնապահպանական վերահսկողության կարողությունները։