Հասարակություն

Անհայտ կորածի ընտանիքները ևս 2 ամիս կստանան սոցաջակցություն

Կառավարությունը որոշում է կայացրել՝ պայմանավորված 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ:

Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1924-Լ որոշմամբ հաստատվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը: Որոշմամբ սահմանված միջոցառման շրջանակներում քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին հատկացվող դրամական օգնությունը (քաղաքացիական անձի հաշվով ամսական 300 000 դրամի չափով) ստանալու համար դիմումը պետք է ներկայացվեր էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2025 թվականի մայիսի 15-ը։ Սակայն մինչ այսօր կան քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածներ, որոնց ընտանիքներն ունեն շարունակական աջակցության կարիք: Առկա խնդիրներին լուծում տալու նպատակով ընդունվել է սույն որոշումը, որով անհայտ կորածի ընտանիքները ևս 2 ամիս՝ 2025 թվականի հունիս և հուլիս ամիսներին, կստանան սոցիալական աջակցություն՝ ամսական 300.000 դրամի չափով, որի համար դիմում կարող են ներկայացնել մինչև 2025 թվականի հուլիսի 20-ը ներառյալ: