Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և աշխատակազմի ներկայացուցիչները հուլիսի 7-ին այցեր են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» և «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկներ:
Անահիտ Մանասյանը և ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ վերջին օրերի իրադարձությունների հետևանքով ազատությունից զրկված անձանց, տեղի են ունեցել առանձնազրույցներ։
Որոշ հարցեր քննարկվել են նաև քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի ներկայացուցիչների հետ։
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ հուլիսի 8-ին` այս պահին ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացնում նաև «Նուբարաշեն», «Վարդաշեն» և այլ քրեակատարողական հիմնարկներ:
Այցերի մանրամասները խորհրդապահական են՝ ենթակա չեն հրապարակման:
Արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ անհրաժեշտ պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմիններից։