Հասարակություն

Veo 3-ն արդեն հասանելի է Հայաստանում

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայտնել է, որ Հայաստանում արդեն հասանելի է Google-ի՝ տեսանյութեր գեներացնող արհեստական բանականության գործիքը՝ Veo 3-ը։ Այս մասին նախարարը գրել է «Ֆեյսբուքի» իր էջում։

«Հայաստանում արդեն հասանելի է Google-ի՝ տեսանյութեր գեներացնող արհեստական բանականության գործիքը՝ Veo 3-ը։ Սա հեղափոխական հնարավորություն է տարբեր ոլորտների մասնագետների համար՝ ստեղծելու բարձրորակ, սյուժետային կամ գեղարվեստական տեսանյութեր ընդամենը տեքստային հրահանգով (prompt)։

Ինչի համար կարող է օգտակար լինել Veo 3-ը

Veo 3-ը կարող է կիրառվել մի շարք ոլորտներում՝

  • Կինեմատոգրաֆիա և գովազդ – տեսանյութերի ստեղծում առանց նկարահանման թանկարժեք գործընթացի
  • Կրթություն – կրթական բովանդակության վիզուալիզացիա՝ պատմական, տեխնոլոգիական կամ այլ թեմաներով
  • Լրագրություն և մեդիա – վիզուալ պատմություններ, վիզուալ հաղորդագրություններ ստեղծելու նոր ձև
  • Մշակույթ և արվեստ – մշակութային ժառանգության ներկայացում, ժամանակակից արվեստի նոր ձևաչափեր
  • Գիտություն և հետազոտություն – գիտական երևույթների մոդելավորում և վիզուալ բացատրություն
  • Բիզնես և մարքեթինգ – գովազդ, բրենդային պատմություններ

Բայց նաև կան ՌԻՍԿԵՐ, որոնք պետք է հաշվի առնել

Veo 3-ը, լինելով հզոր գործիք, կարող է ստեղծել իրականին չափազանց մոտ պատկերներ և տեսարաններ, ինչը բերում է մի շարք ռիսկեր՝

  • Մեդիամանիպուլյացիայի հնարավորություն – իրականության աղավաղում, սխալ տեղեկատվության տարածում
  • Անձնական տվյալների չարաշահում – իրական մարդկանց տեսքի օգտագործման վտանգ
  • Հոգեբանական ազդեցություն – իրականից ոչնչով չտարբերվող տեսալսողական բովանդակության միջոցով հոգեբանական ներազդում
  • Իրավական և էթիկական հարցեր – հեղինակային իրավունքի խախտում, վիզուալ deepfake բովանդակություն

Ինչու է կարևոր պատասխանատու օգտագործումը

Մենք՝ որպես տեխնոլոգիաներ օգտագործող հասարակություն, պետք է ունենանք բավարար գիտելիքներ՝ ինչպես օգտագործել այս գործիքը նորարարական նպատակներով և միևնույն ժամանակ՝ պատասխանատու կերպով։ Մեր համոզմունքն այն է, որ տեխնոլոգիան պետք է ծառայի ոչ թե մոլորեցմանը, այլ՝ հաղորդակցության բարելավմանը, արվեստին և գիտելիքի տարածմանը։ Պետք է պատասխանատու ու մեդիա գրագետ լինենք, գիտակցենք, որ առաջին հայացքից վստահելի թվացող տեսանյութը կարող է լինել արհեստածին։ Ուստի, պետք չէ կամայական տեսած տեսանյութն ակնթարթորեն տարածել սոցցանցերում՝ առանց ստուգելու այն»,- գրել է նախարարը։