Երեկ Radar Armenia-ն հրապարակել էր ՀՀ ԱԳՆ-ին ուղղված մեր հարցումն ու ստացված պատասխանը, որում ներկայացված էր ՌԴ ԱԳՆ-ին հղված հայտագրի բովանդակությունը։
Ժամեր անց ռուսական RT լրատվամիջոցը հրապարակում արեց՝ պնդելով, թե իրենց տեղեկություններով Հայաստանի ԱԳՆ-ն հայտագրում իբրև թե «ոչ բարեկամական» է որակել, օրինակ՝ Ռուսաստանի փոխվարչապետի և նախագահի խոսնակի հայտարարությունները։
Այս առնչությամբ Radar Armenia-ն հարցմամբ դիմել է ԱԳՆ։
Պատասխանում նախարարությունից նշել են, որ երեկ ԱԳՆ կողմից տրամադրվել էր հայտագրի ամբողջական բովանդակությունը՝ ներառյալ այն հայտարարությունների նկարագրությունն ու մեջբերումները, որոնք համարվել են ոչ բարեկամական։ ԱԳՆ-ից շեշտել են՝ այդ շրջանակից դուրս այլ վերաբերելի ձևակերպումներ կամ մեջբերումներ հայտագրում չկան։
Միաժամանակ ԱԳՆ-ը արձանագրում է, որ RT-ի հրապարակումն ինքնին հայտագրում նկարագրված քարոզչության լավ օրինակ է՝ հերթական պարզունակ ապատեղեկատվություն և մանիպուլյացիա։