Հասարակություն

Հայաստանն ու Իսպանիան փոխգործակցությունն ընդլայնելու հուշագիր են կնքել

Մադրիդում ընթացող Հայկական բժշկական համաշխարհային կոնգրեսի (AMWC 2025) շրջանակներում նախարար Անահիտ Ավանեսյանը շրջայց է կատարել Իսպանիայի ամենամեծ հիվանդանոցային ցանցի «Քիրոնսալու» (Quirónsalud) կլինիկաներից մեկում: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

««Քիրոնսալուն» Իսպանիայի ամենամեծ հիվանդանոցային ցանցն է, որը կենտրոնացած է հիմնականում ուռուցքաբանության, նվազագույն ինվազիվ վիրահատությունների և սրտանոթային բուժումների ուղղությամբ։

Նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Իսպանիայի առողջապահության նախարար Մոնիկա Գարսիայի հետ: Կնքվել է համագործակցության հուշագիր, որը նպատակ ունի ընդլայնել երկու երկրների միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության շրջանակները առողջապահական նորարարությունների և տեխնոլոգիաների ներդրման միջոցով:

Այս համագործակցությունը լայն հնարավորություններ կընձեռի ինչպես ոլորտային զարգացման, այնպես էլ Հայաստանի և Իսպանիայի միջև կապերի ակտիվացման և խորացման համար»,- նշված է Ֆեյսբուքում արված գրառման մեջ: