Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությանն արձակված փամփուշտը խոցել է նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի զոհերին. Ազգային ժողովում ասել է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
«Դրանք փոխկապակցված են իրար, որովհետև ահաբեկչության նպատակը պետության ինքնիշխանությունն ու ժողովուրդն են։ Այո, առաջնային նպատակն, ուղղակի նպատակը կառավարիչներն են, «Հոկտեմբերի 27»-ի առաջնային, ֆիզիկական զոհերը Վազգեն Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանը և մյուս պաշտոնյաներն էին, բայց անուղղակի և ամենամեծ զոհը ՀՀ քաղաքացիներն էին, ովքեր միլիոններով լքեցին ու պանդխտացան, էն զինվորները, որ զոհվեցին 2020 թվականին, դրանից առաջ՝ ապրիլյան պատերազմի ժամանակ»,- մասնավորապես ասել է նա։
Կոնջորյանը նշեց, որ քաղաքական ուժերը պետք է դատապարտեն ահաբեկչությունը. «Եթե չեն դատապարտում ահաբեկչությունը, նույնիսկ լռում են, իրենց սեփական լռությամբ խրախուսում են ահաբեկչությունը։ Այլ տարբերակ պարզապես գոյություն չունի։ Այդ ահաբեկչության փամփուշտը հասնելու էր նաև այն ուժերին, ովքեր լռում են»,- ասել է Կոնջորյանը։
ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը հավելեց. «99 թվի ահաբեկչությունը եթե չլիներ, մենք չէինք ունենա 44-օրյա պատերազմը, առավել ևս՝ այդ ձևով»։