ԱԺ-ն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» նախագիծը։
Ըստ նոր կարգավորումների՝ երբ տեղի է ունենում ավտովթար, որին մասնակցում են միայն երկու մեքենա, և վնասը միայն գույքային է, ապա՝
Վարորդները պարտավոր են քսան րոպեի ընթացքում ազատել ճանապարհը, այսինքն՝ վթարի վայրը թողնել և մեքենաները տեղափոխել մի այլ վայր, որտեղ կանգնեցումը արգելված չէ օրենքով։
Այս պահանջը գործում է միայն այն դեպքում, երբ ավտոմեքենան չունի լուրջ տեխնիկական վնասվածք, որը թույլ չի տալիս շարժվել։
Եթե վարորդները համաձայնության են եկել՝ ով է մեղավոր, ապա պետք է լրացնեն համաձայնեցված հայտարարագիր։
Եթե վարորդները չեն կատարում այս պայմանները՝ չեն հեռանում վթարի վայրից 20 րոպեի ընթացքում կամ մեքենան չեն տեղափոխում, ապա նախատեսվում է տուգանք, որը կկազմի նվազագույն աշխատավարձի 30-ապատիկը՝ 30.000 դրամ։
Նշենք, որ այս փոփոխությունները վերաբերում են միայն այն դեպքերին, երբ կա համաձայնություն, և վնասը գույքային է։
Նախագծի հիմնական նպատակն է խուսափել անտեղի խցանումներից, որոնք հաճախ տևում են ժամեր և մեծ վնաս են պատճառում՝ թե՛ տնտեսությանը, թե՛ մարդկանց առողջությանը։