Հասարակություն

Հարվածել են ամուսնուն, առևանգել, կնոջից գումար պահանջել

Հունիսի 28-ին 46-ամյա մի կին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում տվել է հաղորդում, որ նախորդ օրը` ուշ երեկոյան, մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայում իրեն և ամուսնուն են մոտեցել երկու ծանոթ և երկու անծանոթ անձինք, գումարային հարցերի շուրջ վիճաբանել ամուսնու հետ, մեկը նաև հարվածել է ամուսնուն: Որոշ ժամանակ անց ամուսինը նստել է մեքենան և նրանց հետ մեկնել անհայտ ուղղությամբ։

Ավելին՝ նրանցից մեկն առավոտյան զանգահարել է կնոջն ու պահանջել գումար:

Մայրաքաղաքի քրեական ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է առևանգողներից երկուսի ինքնությունը` Կոտայքի մարզի Կամարիս գյուղի բնակիչ 36 և 34 տարեկան եղբայրներ:

Մարդուն առևանգելու և ֆիզիկական ներգործության հատկանիշներով նախաձեռնվում է քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հունիսի 30-ին` ժամը 14-ին, Կամարիս գյուղում եղբայրները ձերբակալվում են և ներկայացվում քննչական բաժին։
Ձեռնարկվում են միջոցառումներ առևանգման մասնակից մյուս երկուսին հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։