Ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունեցող վարորդները պարտավոր են միայն երկու ավտոտրանսպորտային միջոցների մասնակցությամբ պատահարի պահից քսան րոպեների ընթացքում թողնել պատահարի վայրը և ավտոտրանսպորտային միջոցը տեղափոխել օրենքով չարգելված այլ վայր, եթե ավտոտրանսպորտային միջոցը պատահարի հետևանքով չունի այնպիսի տեխնիկական անսարքություն, որի առկայության դեպքում արգելվում է դրա շահագործումը: Այս մասին ասել է պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ ներկայացնելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասինե օրենքների նախագծերի փաթեթը:
Պատգամավորներ Ալեն Սիմոնյանի և Էդուարդ Աղաջանյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է հուլիսի 2-ի` Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում:
«Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է օրենսդրական բարեփոխման արդյունքում օժանդակել արհեստական խցանումների առաջացման ռիսկերի նվազեցմանը՝ հաշվի առնելով դրանց հետևանքով առաջացող, հաճախ ժամեր տևող խցանումները, որոնք իրենց հերթին ունենում են անասելի բացասական թե՛ տնտեսական և թե՛ առողջապահական հետևանքներ մեր քաղաքացիների համար»,- նշել է հիմնական զեկուցողը:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածն առաջարկվում է լրացնել հետևյալ բովանդակությամբ. «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասինե ՀՀ օրենքի 19 հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերում, երբ լրացվում է համաձայնեցված հայտարարագիրը, միայն երկու ավտոտրանսպորտային միջոցների մասնակցությամբ պատահարի պահից քսան րոպեների ընթացքում պատահարի վայրը չթողնելը և ավտոտրանսպորտային միջոցն օրենքով չարգելված այլ վայր չտեղափոխելը, եթե ավտոտրանսպորտային միջոցը պատահարի հետևանքով չունի այնպիսի տեխնիկական անսարքություն, որի առկայության դեպքում արգելվում է դրա շահագործումը, առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով»:
Էդուարդ Աղաջանյանի ներկայացմամբ օրենքների նախագծերի փաթեթը վերաբերելի է միայն երկու ավտոտրանսպորտային միջոցների մասնակցությամբ պատահարներին, երբ առկա է միայն գույքային վնաս, և կողմերն ունեն համաձայնություն մեղավորության վերաբերյալ: Նա մանրամասն ներկայացրել է նախագծի վերաբերյալ բազմաթիվ քննարկումներում արծարծված հարցերը, ASWA հավելվածի բովանդակային և տեխնիկական լավարկման, նույնականացման համակարգի ներդրման գործընթացը: Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ 2026 թվականի հունվարի 1-ից, երբ նոր համակարգը կսկսի գործել, կվերանայվի առաջարկվող փոփոխությունը և սահմանվող ժամանակահատվածը կլինի առավելագույնը 5-ից 10 րոպե:
Էդուարդ Աղաջանյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ վնասի՝ տեղում գնահատման մեխանիզմների, վթարված ավտոմեքենայի շահագործման թույլտվության վերաբերյալ: Նա ևս մեկ անգամ շեշտել է, որ նախագծերի փաթեթի ընդունումից հետո էապես կբեռնաթափվեն փողոցները:
Գլխադասային՝ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը:
Հարակից զեկուցող, ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը տեղեկացրել է, որ Կառավարությունը դրական եզրակացություն է տվել օրենսդրական նախաձեռնությանը: Նշվել է, որ նախագծերի փաթեթի ընդունմամբ կբեռնաթափվի երթևեկությունը խցանումներից, ինչպես նաև ակնկալվում է, որ կգրանցվի ճանապարհատրանսպորտային պատահարների նվազում:
Ելույթներում պատգամավորները կարևորել են նախագծի ընդունման անհրաժեշտությունը:
Խորհրդարանը քվեարկություններով ընդունել է նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները: