Հասարակություն

ԱԺ-ն քննարկում է ՀԷՑ-ի պետականացմանն ուղղված նախագիծը

ԱԺ-ն սկսել է քննարկել «Էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերը։ 

Օրինագծերը ներկայացվել են «Հայաստանի էլեկտրական ցանցերի» պետականացման գործընթացը սկսելու համար։

Այն խորհրդարան ներկայացրել է ԱԺ ՔՊ խմբակցությունը. ԱԺ ամբիոնից այն ներկայացրեց պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ 

Նախագծի վերաբերյալ ելույթ ունեցավ նաև ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը.

«Ե՞րբ է ծագել անհրաժեշտությունը։ Դա, վստահաբար, չի ծագել քաղաքական հայտարարությունից հետո, ծագել է դրանից առաջ, հանձնարարվել է վարչապետի կողմից ՏԿԵՆ-ին ու անձամբ ինձ, հանձնարարականը եղել է գրավոր, հստակ ամիս-ամսաթվով։ Ինձ մոտ տպավորություն է, որ քաղաքական հայտարարությունն է հաջորդել դրան»,- ասել է Խուդաթյանը։

«Երբ կառավարությունը նպատակադրվեց որակական փոփոխություն ապահովելու համար միջամտել ՀԷՑ կառավարման համակարգին, հասկանալի դառավ, որ որակական ցուցանիշները, մանավանդ՝ անջատումների ծավալով, այնպես են խախտված, որ նոր ներդրումների հնարավորության դեպքում պետք է համակարգն անջատվի, ներդրում արվի, հենասյուն փոխվի, ենթակայան կառուցվի։ Քննարկումը բերեց նրան, որ առնվազն 12.5 մլրդ դրամի ակտավորվելու էր ՀԷՑ-ը, դրան գումարած՝ հանձնարարությունը, որ վարչապետի կողմից քայլեր ձեռնարկելու մեկամսյա ժամկետ է տրվել։ Դրանից ընդամենը 3 օր հետո ձեզ հայտնի քաղաքական հայտարարությունն է արվում»։