Հասարակություն

Տարհանվել է շուրջ 50 բնակիչ․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնում

Հուլիսի 1-ին, ժամը 15:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Զաքարիա Քանաքեռցու փողոցում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հրշեջ-փրկարարները շենքից տարհանել են շուրջ 50 բնակչի։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։08-ին, մարվել՝ 17։40-ին։ Եռահարկ շենքի տանիքում այրվել են փայտե կառուցատարրերը (մոտ 200 քմ) և կենցաղային իրեր։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի շինության մյուս հատվածներ։