Հասարակություն

Արքեպիսկոպոսներ Աջապահյանն ու Գալստանյանը նույն խցում են

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպան Արա Զոհրաբյանը նշել է, որ Քննչական կոմիտե կամովին ներկայանալու որոշումը քննարկվել է արքեպիսկոպոսի հետ։

«Տարբերակներն 2-ն էին՝ կամ ներկայանալ ինքնակամ, կամ բերման ենթարկվել․ սրբազանն ի սկզբանե ընտրել էր առաջին տարբերակը»,- լրագրողների հետ հանդիպմանը նշել է նա։

Անդրադառնալով Աջապահյանին որպես վարչապետի թեկնածու առաջադրելու՝ ընդդիմության որոշմանը, Զոհրաբյանը հայտնել է՝ այդ մասին իմացել են ՔԿ գալու ճամփին՝ լրագրողների հարցերից․ «Սրբազանի դիրքերն առանց այդ էլ խոցելի էր, և վարչապետի պաշտոնի հավակնությունները լրջորեն կվնասեին, քանի որ տպավորություն էր՝ դիտավորյալ ուզում են նրան վերագրվող հեղաշրջման կոչերը կապակցել նրա «վարչապետական ամբիցիաների» հետ, ուստի հենց տեղում, սրբազանի համաձայնությամբ, կազմվեց վարչապետի թեկնածությունից հրաժարվելու տեքստը»։

Անդրադառնալով Աջապահյանի կալանավորմանը, նա նշել է՝ արքեպիսկոպոսի խոսքը չի տեղավորվում սահմանադրությամբ կարգավորվող համապատասխան նորմի հետ․ «Բացի դա, սրբազանը խոսել է 2020թ․ պատերազմի ժամանակ իր դիրքորոշման մասին։ Դատախազությունը հենց սա էր հաշվի առել ու համարել, որ այդտեղ հանցակազմ չկա»։

Պաշտպանները շեշտել են նաև, որ կալանավորումը ևս ապօրինի է, քանի որ վարույթին խոչընդոտելու հանգամանք առկա չէր։

Պաշտպանները նաև տեղեկացրել են, որ Միքայել և Բագրատ արեքպիսկոպոսները «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում նույն խցում են պահվում։ Ըստ նրանց, սա արվել է հատուկ, որպեսզի հնարավոր լինի գաղտնալսել Աջապահյանի ու Գալստանյանի խոսակցությունները։

Անդրադառնալով Աջապահյանի դեմ իրավապահների գործողությունների վերաբերյալ Ամենայն Հայոց կաթողիկոսի դիրքորոշմանը, ըստ պաշտպանների, Գարեգին Երկրորդը Միքայել Սրբազանին ասել է՝ ինչպես կորոշես, այնպես էլ կլինի։