Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են մի շարք հեղինակավոր վերլուծական և ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների հետ:
Պատվիրակությունը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի հետազոտական կենտրոնի փոխտնօրեն, Ռուսաստանի և եվրոպական հարցերով վերլուծաբան Քորի Ուելթին ու եվրոպական հարցերի վերլուծաբան Սառա Գարդինգին, քննարկել Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները և տարածաշրջանային բնույթի հարցեր:
Ատլանտյան խորհրդի (Atlantic Council) Եվրասիայի կենտրոնի ավագ տնօրեն Ջոն Հերբսթի և կենտրոնի վերլուծաբանների հետ քննարկվել են Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններն ու Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի մանրամասները:
ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) Եվրասիայի գծով ավագ տնօրեն Սթիվեն Նիքսի հետ հանդիպմանն Ազգային ժողովի պատգամավորները կարևորել են Միջազգային հանրապետական ինստիտուտի համագործակցությունը խորհրդարանի հետ և հույս հայտնել, որ այդ ծրագրերը կլինեն շարունակական:
Պատվիրակությունը հանդիպել է նաև Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիին: Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացման և դրանում Ամերիկայի հայկական համայնքի ու կազմակերպությունների ներգրավվածությանը վերաբերող հարցեր:
Ամերիկյան Իսրայելի հանրային կապերի կոմիտեի (AIPAC) քաղաքականությունների և կառավարության հետ կապերի գծով գլխավոր տնօրեն Սթիվ Բեքերմանի ու քաղաքականության և ռազմավարական հարցերով տնօրեն Մարվին Ֆոյերի հետ հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում անվտանգային իրավիճակին, քննարկվել է Հայաստան-ԱՄՆ և Հայաստան-Իսրայել հարաբերություններին վերաբերող հարցեր:
Ամերիկայի հրեական կոմիտեի (AJC) քաղաքական հարցերով ղեկավար Ջեյսոն Այզակսոնի և կոմիտեի անդամների հետ հանդիպմանն Ազգային ժողովի պատգամավորները ներկայացրել են Հայաստանի արտաքին քաղաքականության առանձնահատկությունները, Հայաստան-Իսրայել հարաբերությունների բնույթը:
Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) Եվրասիական տարածաշրջանի գլխավոր տնօրեն Միրիամ Լանսկոյի և փորձագետների հանդիպմանը քննարկվել են հիմնադրամի` Հայաստանում իրականացվող ծրագրերը, ժողովրդավարական հաստատությունների զարգացմանը վերաբերող հարցեր:
Բաց հասարակաություններ հիմնադրամի (OSF) քաղաքականությունների վերլուծաբան Ջոշուա Ռասելին պատգամավորները ներկայացրել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը և ԱՄՆ աջակցությունն այդ գործընթացում: