Հասարակություն

ՀՀ կառավարությունն իրականացնում է հետևողական և համակարգված քայլեր. Պապոյան

Հունիսի 29-ին Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Համաժողովի 44֊րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Հռոմում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ/FAO) գլխավոր տնօրեն Չու Դոնյուի հետ։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ և ՊԳԿ միջև ներկայիս համագործակցության ընթացքը, ինչպես նաև դրա ընդլայնման հեռանկարները: Պապոյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն իրականացնում է հետևողական և համակարգված քայլեր՝ նպատակ ունենալով ամրապնդել պարենային անվտանգությունը, խթանել գյուղատնտեսության արդիականացումը և առավել արդյունավետ կիրառել նորարարական լուծումները ոլորտի շարունակական զարգացման համար։

Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են արագացնել Երևանում կազմակերպության պաշտոնական ներկայացուցչի նշանակման հարցի աշխատանքները, քննարկել են թվային գյուղատնտեսության ոլորտում իրականացվող աշխատանքների ակտիվացումը, ինչպես նաև մտքեր փոխանակել 2026թ. Հայաստանում անցկացվող COP17-ի կազմակերպման աշխատանքների մասին։