Երեկ՝ հունիսի 28-ին, դանակահարություններ են տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Անիի բաժնում, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարալիկ քաղաքում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ 2 քաղաքացի դանակահարվել է, գրում է Shamshyan.com-ը։
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են, ու կարճ ժամանակ անց Մարալիկի հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Անիի բաժին, որ դանակահարված վիճակում Մարալիկ քաղաքից իրենք Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխել 2 դանակահարված քաղաքացու։ Արդեն դեպքի վայրում Մարալիկ քաղաքի Հրանտ Շահինյան փողոցում պարեկները հայտնաբերում են բջջային հեռախոս, հողաթափ և արծաթափայլ դանակ։ Իսկ քրեական ու համայնքային ոստիկաններն էլ պարզում են, որ դանակահարությունը տեղի է ունեցել նշված վայրում։
Դեպքի փաստով Վ. Լորեցյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվելցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.
«Դանակահարվածները կապ չեն ունեցել հիմնական վիճաբանության հետ։ Երբ փեսա ու աներ իրար հետ վիճել են ընտանեկան հարցի շուրջ, որը տեղի է ունեցել աներոջ տանը, ապա շարունակվել Հ. Շահինյան փողոցում, այդ ժամանակ այդ 2 տղամարդիկ փորձել են հանդարտեցնել ու բաժանել վիճաբանող փեսային ու աներոջը, և այդ պահին նրանցից մեկը դանակով հարվածներ է հասցրել նրանց, ապա իր ավտոմեքենայով դիմել փախուստի»։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները արդեն գիտեն ենթադրյալ կասկածյալի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքներն ամբողջական պարզելու, կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ։Քննիչը հեռախոսն ու դանակը առգրավել է։