Միքայել արք. Աջապահյանը ինքնակամ որոշեց գնալ, մոտեցավ ավտոմեքենային, բայց ժողովուրդը թույլ չտվեց, երկրորդ անգամ ևս չստացվեց. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում լրագրողների հետ զրույցում ասել է Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։
«Որևէ մեկս չի ընդունում այդ գործողությւոնների իրավականությունը, հատկապես՝ ձևը։ Մի այնպիսի հանցագործի չեն եկել տանելու կամ բերման ենթարկելու»,- նշեց նա։ Տ.Նաթան արքեպիսկոպոսը նաև վստահեցրել է, որ որևէ մեկը չի թաքնվում և չի փորձում փախչել։
Հիշեցնենք, որ ԱԱԾ աշխատակիցները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում են։ Կա Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ձերբակալելու որոշում։ Աջապահյանի վերաբերյալ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։