Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հայտարարել է, թե ինքը կներկայանա Քննչական կոմիտե։ Նա նշել է, որ քրեական վարույթը ձեռնարկվել է 17-ին, և իրեն կարող էին ձերբակալել դեռ մինչև երեկ. «Կարող էին ինձ շատ հանգիստ ու մեկուսի ձերբակալել»։ Ըստ Աջապահյանի «Իրենք գիտակցաբար կամ անգիտակցաբար կազմակերպեցին այս շոուն՝ Մայր Աթոռի պատերից ներս իրենց ուժը ցույց տալու համար»։
Ըստ Աջապահյանի, իրավապահները դժվար թե չիմանային, որ քահանայական ժողով էր այսօր, և որ ինքը 20 տարուց ավելի է՝ համակարգում եմ այն։ «Սակայն նրանք ուզեցին այս մասկի շոուն կազմակերպել ու չստացվեց։ Շնորհակալություն բոլորին աջակցելու համար»,- ասել է նա։
Աջապահյանն այս մեղադրանքը որակել է շինծու և ապօրինի. « Ես երբեք չեմ թաքնվել, իմ ասածներից էլ չեմ խուսափում, ասել եմ, լավ եմ արել: Հիմա խնդրում եմ թողնեք՝ նստեմ մեքենա, փաստաբանի հետ գնամ քննչական կոմիտե՝ ներկայանամ»։
Նա նշել է, որ որոշել է ՔԿ ներկայանալ. «Ավելորդ է այլևս երկրորդ հարձակումը թույլ տալ, գան, պղծեն Մայր Աթոռի հոգեպարար մթնոլորտը, ես որևիցե բանից չեմ վախենում»։
Իրեն կալանավորելու հարցին ի պատասխան Աջապահյանն ասել է. «Մենք` հոգևորականներս ապրում ենք իբր աքսորյալ` բանտում կլինենք, թե բանտից դուրս` ամենուր Աստված մոտիկ»։
Աջապահյանը նստեց մեքենան Քննչական կոմիտե ներկայանալու համար, սակայն հավաքվածները թույ չտվեցին և նա վերադարձավ Վեհարան։