Հասարակություն

Աշոցքի բաժնի պաշտոնյաները մեղադրվում են կաշառք ստանալու մեջ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված տվյալների հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված բազմադրվագ քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության Աշոցքի բաժնի պաշտոնատար անձինք կաշառք են ստացել բազմաթիվ քաղաքացիներից՝ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգի պահանջների խախտմամբ վերջիններիս հաշվառման գործընթացը կազմակերպելու համար:

Մասնավորապես՝  պարզվել է, որ Աշոցքի բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած անձը նույն բաժնի աշխատակցի հետ խմբի կազմում, ՀՀ-ում մշտական բնակության վայր չունեցող ավելի քան 20 քաղաքացիների ՀՀ բնակչության պետական ռեգիստրի համակարգում գրանցելու և Աշոցք բնակավայրի տարբեր հասցեներում վերջիններիս հաշվառումն անխոչընդոտ ու արագ կազմակերպելու համար 2024 թվականի օգոստոսից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում նրանցից որպես կաշառք պահանջել ու ստացել են տարբեր չափի գումարներ: Ընդ որում՝ հաշվառման գործընթացը կազմակերպվել է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգի պահանջների խախտմամբ՝ նշված քաղաքացիների՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տարբեր բնակավայրերում փաստացի չբնակվելու, սեփականատերերի և հաշվառման ենթակա քաղաքացիների միջև կապի ու համաձայնության բացակայության պայմաններում:

Կաշառք ստանալու համար ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության վերը նշված երկու պաշտոնատար անձանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի տարբեր մասերով, նրանց նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել բացակայելու արգելքը, պաշտոնավարման կասեցումն ու գրավը: Նախաքննության ընթացքում մեղադրանքներ են ներկայացվել նաև պաշտոնատար անձանց կաշառք տված քաղաքացիներին:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան: