Հասարակություն

Կապահովվի երեխա ունեցող ընտանիքների բնակարանային աջակցության ծրագրերի իրականացումը

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2024-2026 թթ. ծրագրերի, այդ թվում՝ մարզում հիփոթեքի աջակցության և հիփոթեքի մարման աջակցության ծրագրերի, ինչպես նաև 2023 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ կանխավճարի ապահովագրության ծրագրում ընդգրկված շահառուների շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած բանկեր կամ վարկային կազմակերպություններ դիմած, ինչպես նաև հիփոթեքի մարման աջակցության ծրագրի շրջանակներում նախարարություն դիմած քաղաքացիներին աջակցության տրամադրման գործընթացն ապահովելու նպատակով՝ Կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝ առաջարկվում է ծրագրերի շրջանակներում 2025 թ. երկրորդ եռամսյակում դիմող շուրջ 410 շահառուներին ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով հատկացնել 300 մլն դրամ։ Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, ծրագրի շրջանակում 2025 թվականի համար հաստատված բյուջեն կազմում է 1.8 միլիարդ դրամ, որը համամասնորեն բաշխվել էր ըստ եռամսյակների։ Ծրագիրը շարունակում է գրանցել բարձր դիմելիություն և առաջին կիսամյակի համար նախատեսված ֆինանսական միջոցները սպառվել են, ուստի անհրաժեշտություն է առաջացել շահառու ճանաչված անձանց շրջանում վճարումներ իրականացնելու համար հատկացնել լրացուցիչ գումար: Հունիսի 1-ի դրությամբ արդեն իսկ աջակցություն է ստացել 1164 ընտանիք, որոնց վճարվել է շուրջ 900 միլիոն դրամ։ Ծրագրի մեկնարկից՝ 2020 թ. հուլիսի 1-ից, աջակցություն է ստացել 13,285 շահառու ընտանիք, իսկ փոխանցված ընդհանուր դրամական միջոցները կազմում են շուրջ 9.5 միլիարդ դրամ։ Դավիթ Խաչատրյանը տեղեկացրել է նաև, որ ծրագրի դիմելիության ներկայիս տեմպը պահպանվելու դեպքում՝ երկրորդ կիսամյակի ընթացքում հավանաբար կրկին անհրաժեշտություն կլինի ևս ֆինանսական միջոցների հայտ ներկայացնելու:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է՝ սա այն դեպքն է, որ մենակ հաճույքով կկայացնեն ֆինանսական միջոցների ավելացման որոշումը. «Խոսքը երեխայի ծնվելու կապակցությամբ բնակարան ձեռք բերելու հարցում ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու մասին է»:

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը ներկայացրել է ծրագրի երկու բաղադրիչները. «Առաջին բաղադրիչով, եթե ընտանիքն ունի արդեն առնվազն երկու անչափահաս երեխա և ցանկանում է տուն ձեռք բերել որևէ մարզային բնակավայրում, այդ դեպքում պետությունը աջակցում է կանխավճարի տեսքով։ Երկրորդ բաղադրիչն այն է, երբ երեխա է ծնվում այն ընտանիքում, որտեղ ընտանիքը ունի հիպոթեք, այդ դեպքում առաջին և երկրորդ երեխայի ծննդի դեպքում մինչև 500 հազար դրամ և երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ միանվագ ուղղում է մայր գումարի մարմանը»։

Վարչապետն այդ համատեքստում անդրադարձել է ժողովրդագրության ոլորտում առկա խնդիրներին և ցավով նշել, որ ծնելիության ցուցանիշները նվազում են. «Մենք ամենատարբեր ծրագրերով պետք է շարունակենք ցուցաբերել աջակցություն այն ընտանիքներին, որտեղ երեխաներ են ծնվում։ Այս ցուցանիշները ցույց են տալիս, որ, այնուամենայնիվ, ծրագիրը պահանջված է, բայց հույս ունենք, որ այս և մյուս ծրագրերի և, ընդհանուր առմամբ, երկրում մթնոլորտի բարելավման և ապագայի նկատմամբ ավելի մեծ վստահություն կառուցելու արդյունքում, մենք կկարողանանք ժողովրդագրության, ծնելիության ոլորտի խնդիրները հաղթահարել։ Սա, իհարկե, տեղի չի ունենա մեկ-երկու գործողությամբ։ Մենք ընդունել ենք ժողովրդագրության ոլորտի ռազմավարություն և այն պետք է հետևողականորեն իրականացնենք, որպեսզի կարողանանք մեր խնդիրները լուծել»։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ժողովրդագրությունը բազմաշերտ երևույթ է, որտեղ առանցքային նշանակություն ունեն մի շարք գործոններ, այդ թվում՝ սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական, անվտանգային միջավայրը և ապագայի նկատմամբ հավատը: Երկրի ղեկավարը շեշտել է, որ Կառավարությունը հետևողական պետք է շարունակի գործունեությունը՝ այդ ուղղություններով իրադրությունների բարելավման նպատակով: