Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներ Արուսյակ Ջուլհակյանը, Մարիա Կարապետյանը և Գեղամ Նազարյանը մի շարք հանդիպումներ են ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում:
Պատվիրակությունը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Քերոլ Միլլերին, ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամ Քիմ Յանգին, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ռոբերտ Ադերհոլթին, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Դելիա Ռամիրեզին:
Հանդիպումների ընթացքում ընդգծվել է Հայաստանի և ԱՄՆ միջև այս տարվա հունվարին ստորագրված բազմաոլորտ ռազմավարական գործընկերության կարևորությունը, ինչպես նաև միջխորհրդարանական ակտիվ կապերի շարունակական զարգացման և խորացման անհրաժեշտությունը:
Ազգային ժողովի պատգամավորները կոնգրեսականներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի մանրամասները և Հայաստանի պատրաստակամությունն օր առաջ ստորագրելու խաղաղության համաձայնագիրը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ուղիների ապաշրջափակման հնարավորություններին և Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Երկուստեք կարևորվել է Հարավային Կովկասում կայուն և երկարատև խաղաղության հաստատման անհրաժեշտությունը: