Հասարակություն

Սևանա լճում սիգի որսը կթույլատրվի մինչև նոյեմբերի 20-ը

Կառավարությունը սահմանել է 2025 թ. ընթացքում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները: Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի իրականացրած հետազոտությունների համաձայն՝ Սևանա լճում 2024 թ. նոյեմբերին սիգի ընդհանուր պաշարը գնահատվել է 1293,7 տոննա, իսկ արդյունագործական պաշարը՝ 944,4 տոննա։ Հաշվի առնելով, որ սիգի արդյունագործական պաշարը 2023 թ. (513 տոննա) համեմատ ավելացել է մոտ 430 տոննայով՝ գիտական կենտրոնն առաջարկել է 2025 թ. սիգի արդյունագործական որսը սահմանել 314 տոննա՝ արդյունագործական ընդհանուր պաշարի 30%, սակայն հաշվի առնելով սիգի ընդհանուր պաշարի նվազման միտումը արդյունագործական որսի ժամկետը սահմանվել է մինչև հունիսի 1-ը։ Սահմանված ժամանակահատվածում փաստացի որսվել է 309.6 տոննա ձուկ։ Ձվադրման գործընթացի արդյունավետությունն ու ձկան ընդհանուր պաշարների համալրման տեմպը գնահատելու համար 2025 թ. գարնանը՝ մարտի 17-ից մինչև 21-ը լճում իրականացվել է լրացուցիչ հետազոտություն։ Ստացված տվյալների համաձայն՝ լճում սիգի ընդհանուր պաշարը կազմել է 2814.4 տոննա, իսկ արդյունագործականը՝ 613.4 տոննա, ինչը ենթադրում է, որ թեպետ պոպուլյացիայի վիճակը դեռևս անկայուն է, սակայն միևնույն ժամանակ առկա է վերականգնման միտում։ Այդ հիմքով գիտական կենտրոնն առաջարկել է 2025 թ. արդյունագործական որսը ավելացնել ևս 189 տոննայով (մոտ 30%): Որսի իրականացման ժամկետ է սահմանվել մինչև նոյեմբերի 20-ը՝ ձկան նախաձվադրման փուլի սկիզբը։ Սևանա լճում ձկան պաշարների, այդ թվում արդյունագործական պաշարների համալրման վիճակը գնահատելու համար ըստ ծրագրի՝ Գիտական կենտրոնի կողմից 2025 թ. հուլիսին ևս կիրականացվեն ձկան պաշարի ուսումնասիրություններ, որի արդյունքում ստացված տվյալները հիմք կհանդիսանան աշնանային որսաշրջանի համար չափաքանակ սահմանելու հարցը քննարկելու համար։