Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովենիայի Հանրապետության կառավարության նախագահ Ռոբերտ Գոլոբին` Պետականության օրվա առթիվ: Ուղերձում նշված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Սլովենիայի Հանրապետության ազգային տոնի՝ Պետականության օրվա կապակցությամբ։
Հայաստանը մեծապես կարևորում է Սլովենիայի հետ փոխադարձ հարգանքի և ժողովրդավարական արժեքների վրա հիմնված գործընկերային հարաբերությունների հետագա զարգացումը և ընդլայնումը։ Մեր երկրների միջև ձևավորված բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ամուր հիմք է ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Հայաստան - Եվրոպական միություն գործընկերության շրջանակներում արդյունա¬վետ համագործակցության խորացման համար։
Բարձր եմ գնահատում Հայաստանի շահերին առնչվող հարցերում Սլովենիայի հետևողական և հավասարակշռված դիրքորոշումը, ինչը կարևոր ներդրում է տարածաշրջանային խաղաղության և կայունության հաստատման գործում։
Վստահ եմ, որ միասնական ջանքերով կշարունակենք առավել ամրապնդել երկկողմ համագործակցության օրակարգը տնտեսական, ներդրումային, հումանիտար աջակցության, զբոսաշրջային, գիտակրթական ոլորտներում՝ ի նպաստ մեր երկրների և ժողովուրդների բարօրության։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն հաջողություն, իսկ Սլովենիայի բարեկամ ժողովրդին՝ կայուն առաջընթաց և բարեկեցություն»։