ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ այսօրվանից մեկնարկել է ՀՀ պետական դպրոցներ առաջին դասարանցիների հայտագրման հիմնական փուլը՝ hayt.emis.am կայքի միջոցով։ Առաջին դասարանցիների հայտագրման գործընթացն այս փուլում իրականացվում է ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցում իրականացնող հանրակրթական ուսհաստատությունների առաջին դասարան հաճախող բոլոր երեխաների համար։
Նշենք, որ այս տարի առաջին դասարան են հաճախելու 2019 թվականին ծնված երեխաները։ Հունիսի 24-ին` ժամը 15։30-ի դրությամբ, արդեն հայտագրվել է ավելի քան 8900 երեխա։
Նախորդ փուլը ներառյալ, որի ընթացքում հայտագրվել էին նույն դպրոց հաճախող երեխաների քույր-եղբայրները և տվյալ հաստատությունում աշխատողների երեխաները, առաջին դասարան հաճախելու համար արդեն հայտագրվել է շուրջ 18900 երեխա։
Հուլիսի 1-ից կմեկնարկի հայտագրման երրորդ փուլը, որը կիրականացվի haytru.emis.am համակարգի միջոցով՝ ծնողների ընտրությամբ ռուսերենով ուսուցմամբ դասարաններ հաճախող երեխաների համար։
Հիշեցնենք, որ 2025-2026 ուստարվանից սկսած՝ տվյալ ուսումնական տարում առաջին դասարան պետք է հաճախեն այն երեխաները, որոնց 6 տարին լրանում է մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ: Սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող այն երեխաները, որոնց 7 և 8 տարին լրանում է մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ, պետք է ընդգրկվեն իրենց տարիքային խմբին համապատասխան դասարանում:
Միաժամանակ ուժի մեջ է մտել ԿԳՄՍ նախարարի թիվ 1640-Ն հրամանով սահմանված՝ դպրոցների ընդունելության կարգի փոփոխությունը, համաձայն որի՝ բոլոր այն երեխաները, որոնք գործող կարգի համաձայն՝ չէին կարող ուսումնառությունը սկսել 1-ին դասարանից, այլ պետք է սովորեին իրենց տարիքային խմբում, ծնողի դիմումի համաձայն՝ կարող են ներկայացվել կրթության առանձնահատուկ պայմանների գնահատման: Եթե երեխայի մոտ արձանագրվի մանկավարժահոգեբանական ծառայությունների 3-րդ և 4-րդ աստիճանի աջակցության կարիք, ապա երեխան կարող է ընդգրկվել իր տարիքային խմբից մեկ դասարան ցածր, այն է՝ 7 տարեկանը կարող է ընդգրկվել 1-ին դասարանում, 8 տարեկանը՝ 2-րդ դասարանում:
Այս դեպքում երեխայի՝ հաստատություն ընդգրկվելն իրականացվում է ոչ թե էլեկտրոնային հայտագրմամբ, այլ հաստատության տնօրենին ծնողի ներկայացրած դիմումի հիման վրա, որի համաձայն՝ երեխան ընդունվում է երկրորդ դասարան, այնուհետև կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման արդյունքներից ելնելով՝ կարող է տեղափոխվել 1-ին դասարան: