ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, թե Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման տեսանկյունից տարածաշրջանի ապաշրջափակումը կարևորագույն նշանակություն ունի։
ԵՄ–Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի շրջանակում կազմակերպված քննարկման ժամանակ նա ելույթ է ունեցել, շեշտելով, որ էներգետիկ համակարգի զարգացման հիմնական մարտահրավերը Հայաստանի՝ գլոբալ էներգահաղորդիչ ցանցերին կապված չլինելն է։
«Եթե միացված չենք, մնում ենք լոկալ արտադրության և սպառման շրջանակում, ինչը շատ թանկ է»,- ասել է նա։
Ըստ փոխվարչապետի, ատոմակայանի արդյունավետ շահագործումը փոքր սպառման պայմաններում և փակ սահմանների պարագայում նույնպես խնդիրներ է ստեղծում՝ թե՛ ծախսերի, թե՛ անվտանգության տեսանկյունից։
Նա նաև նշել է, որ ապաշրջափակման հարցը պետք է դրվի նաև քաղաքացիական հասարակության օրակարգում, քանի որ այն էներգետիկ ռիսկերից խուսափելու հետ ուղիղ կապ ունի. «Եթե խոսում ենք էներգետիկ ռիսկերից, ապա պետք է ուշադրության կենտրոնում պահել ապաշրջափակման թեման, քանի որ դա առաջին և կարևոր քայլն է, որը չեզոքացնում է այդ ռիսկերի 40 տոկոսը»։