Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը պարզաբանել է, թե Իրանից ովքեր և ինչու են վերջին շրջանում գալիս Հայաստան։
Նա ընդգծել է, որ խոսքը հիմնականում Իրանից այլ երկրներ մեկնող, սակայն թռիչքների չեղարկման պատճառով Հայաստան ժամանող մարդկանց մասին է։
«Իրականում սահմանից մուտք են գործում հիմնականում նրանք, որոնք արտերկիր թռիչք ունեին, և բեկանվել են թռիչքները Իրանից։ Գալիս են Երևան, այնտեղից թռչում իրենց տներ», - ասել է հյուպատոսը։
Նրա խոսքով՝ իրավիճակը կապված է ավիափոխադրումների չեղարկման հետ, և հյուպատոսությունն աջակցում է քաղաքացիներին՝ կազմակերպելով հարմար փոխադրումներ․
«Մենք Սյունիքի մարզպետարանի աջակցությամբ կազմակերպել ենք մեքենաներ, ավտոբուսներ, որպեսզի մուտք գործեն անցակետ և հեշտ, հարմար գներով տեղափոխվեն դեպի Երևան և օդանավակայան»։
Հյուպատոսը նաև ընդգծեց, որ այս նախաձեռնությունը վերաբերվում է ոչ միայն Իրանի քաղաքացիներին, այլև սահմանը հատող բոլոր անձանց․
«Ավտոբուսները միայն Իրանի քաղաքացիների համար չեն, սահմանը հատող ցանկացած անձ կարող է օգտվել»։