Հասարակություն

Պետք է աշխատենք այն պետությունների հետ, որոնց հետ չունենք ընդհանուր սահմաններ. փոխվարչապետ

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովին:

ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել որպես խոսնակ «Հայաստան-Ռուսաստան» նիստին, որի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր։

Մհեր Գրիգորյանը մասնակցել է որպես խոսնակ նաև միջազգային տնտեսական համաժողովի «ԵԱՏՄ իրական հատվածի սիներգիան՝ որպես ժամանակակից մարտահրավերների պատասխան» խորագրով նիստին, որը վերաբերում էր ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսական ինտեգրման հիմնական խնդիրներին և հնարավորություններին: 

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը բարձրաձայնել է Եվրասիական տնտեսական միության անդամների միջև ֆիզիկական սահմանների բացակայության հարցը՝ մատնանշելով այդ խնդրի շուրջ կարգավորումների կարևորությունը։ 

Նա մատնանշել է այն հանգամանքը, որ ԵԱՏՄ կանոնակարգը չի ներառում ֆիզիկական սահմաններից զերծ համագործակցության մոդել։ Որպես օրինակ՝ նա նշեց Վերին Լարսի անցակետը՝ կարևորելով դրա գործունեությունը Հայաստանի համար։ 

Գրիգորյանը կարծիք է հայտնել, որ այդ հարցի լուծումը ԵԱՏՄ-ի հաջողության և հեռանկարների գրավականն է։ 

«Կարծում եմ, որ ԵԱՏՄ-ն զարգացման, հեռանկարային լինելու և հավակնությունների տեսանկյունից պետք է ունենա կարգավորումներ, որոնք թույլ են տալիս աշխատել այն երկրների հետ, որոնք ֆիզիկական սահմաններ չունեն Միության հետ։ Կամ էլ մենք պետք է սահմանափակենք տարածաշրջանային զարգացման շուրջ հավակնությունները միայն սահմանակից պետությունների հետ համագործակցությամբ։ Մենք պետք է ունակություն ունենանք աշխատելու այն պետությունների հետ, որոնց հետ մենք չունենք ընդհանուր սահմաններ։ Դա հաջողության գրավականն է»,-ընդգծել է ՀՀ փոխվարչապետը՝ հավելելով, որ խոսքը միայն Հայաստանի մասին չէ, այլ վերաբերում է, առհասարակ, բոլոր ոչ սահմանակից պետությունների հետ համագործակցությանը։